Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սահում, և ընդհակառակը, իրարից հեռու գտնված միջոցի ժամերը այնքան համր ընթանում, որ մենք միշտ գանգատվում էինք մեր բախտից կարծելով, թե շատ ուշ ենք հանդիպում միմյանց:

Այսպես անցան երեք ամբողջ շաբաթներ և չորրորդի վերջում արդեն մեր հարսանիքը պիտի կատարվեր:

Երկու կողմից էլ պատրաստություններ էին տեսնում. Լուսինյան այր և կին իրենց աղջկա համար, իսկ քույրս ու փետաս ինձ համար: Քաղաքի մեջ պարապ չէին և զվարճասեր աղջիկներն ու մանկամարդ տիկնայք. նրանք էլ իրենց տուալետն էին կարգավորում, որպեսզի խնդրարկուի առաջին հրավերը ստանալուն պես կազմ և պատրաստ գտնվին իրենց այցելությամբ մեր հարսանիքը պատվելու:

Եվ այսպես բոլորն էլ անխտիր ուրախ էին: Մինչև անգամ պատեր-Սիմոնի մասին Մարգարիտան պատմում էր, որ արդեն հաշտվել էր յուր հոր հետ և արդեն մի շաբաթ էր ինչ որ նա հաճախում էր իրենց տունը և բարեկամական առանձին տեսակցություններ էր ունենում յուր հոր հետ:

Մեր բախտի երկինքը դեռ պարզ էր ամպեր չէին երևում, փոքրիկ չէր գուշակվում...

ԺԵ ԲԱԽՏԻՍ ԱՆԻՎԸ ԴԱՌՆՈՒՄ Է

Մարդիկ առհասարակ գրգռված ժամանակն են հիմարություններ գործում. այսինքն երբ կամքի ղեկավարը կիրքն է լինում: Խելքը երևան է գալիս այն ժամանակ, երբ սիրտը խաղաղ և հոգին անվրդով է մարդու մեջ: Սրա հակառակ կան և մարդիկ, որոնք սեփական կամք և հաստատուն բնավորություն չունենալով, միշտ ենթարկված են ուրիշների ազդեցության և իրենց սրտի և հոգվո խաղաղ ժամանակը միայն անշունչ գործիքներ են լինում ճարպիկների ձեռքում, հետևապես և հիմարությանց հեղինակ: Այս տեսակ մարդկանց մեջ ընդհակառակը գրգռված ժամանակն է երևան գալիս կամքի և խելքի ույժը, այսինքն, երբ կրքերի հուզվելով զարթնում է