Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սարատովից զրկված երկու հոգևորականները, մինը այստեղի նախկին քահանա պատեր-Պետին և մյուսը Ֆրանկիսկոս-Լորենտանո, մի շատ ճարպիկ և փորձված քարոզիչ տեղյակ ամեն լեզուների և ամեն տեսակ մեքենայությանց: Երեկոյան հարցաքննության ժամանակ արդեն այս գործում ինձ մեղավոր ճանաչեց այդ անիծյալ քարոզիչը և ընդհանուրի հավանությամբ ինձ հրաժարեցրին իմ պաշտոնից, առարկելով, որ ես աչալրջությամբ չեմ հսկել իմ շուրջը կատարվող գործերի վերա. շուտ չեմ իմացրել պատեր-Սիմոնին գործի էությունը: Իսկ այսօր արդեն նրանք Լուսինյանի մոտ պիտի գնան:

Մնում է ինձ ասել, որ ես իմ խիղճը արդարացնելու համար միայն պատմեցի ձեզ այս բոլորը և ոչ թե պատեր-Սիմոնից վրեժխնդիր լինելու դիտավորությամբ: Որովհետև ինձ համար անտանելի է երբ տեսնում եմ, թե երկու երիտասարդ սրտերի բախտը խաղալիք է դարձած մի անխիղճ հոգևորականի ձեռքում:

Այսուհետև ինչ որ կարող եք ինքներդ անել-վտանգը ձեզանից հեռացնելու համար, արեք. ես առայժմ իմ բարոյական պարտքը կատարեցի կարևոր դեպքում էլ ձեզ կարող եմ օգնել»:

Այս ասելով Կլեմեսը վեր կացավ տեղից:

Ես հայտնեցի նրան իմ խորին և անկեղծ շնորհակալությունը յուր անակնկալ բարեկամության համար և ողջունելով նրան, քայլերս ուղղեցի դեպի պարտիզի դուռը:

Սարկավագի ճշմարտախոսության վերա ես չէի կասկածում. այդ պատճառով և անհանգստութունը սկսում ալեկոծել իմ սիրտը: Այն միտքը, թե Մարգարիտային կարող էին խլել ինձանից, գրեթե խելագարեցնու էր ինձ: Ես շտապ - շտապ առաջ էի գնում առանց իմանալու, թե ո՞ւր եմ գնում, առանց հիշելու, որ Մարգարիտային ժամադիր էի եղել այգում:

Բարեբախտաբար շատ չէի հեռացել պարտեզից, երբ մեր ծառան ինձ պատահեց:

Օրիորդը մեր տանը սպասում է ձեզ ասաց նա: Ես սրտատրոփ դիմեցի դեպի տուն: