Երբ ներս մտի, տեսա, որ քույրս տանը չէր. Մարգարիտան միայնակ նստած էր իմ սենյակի մի անկյունում և ձեռքը կռթնած պատուհանի վերա տխրադեմ նայում էր դեպի փողոցը: Նրա աչքերը կարմրված և ուռած էին, երևում էր, որ նա շատ լաց էր եղել:
Ինձ տեսնելով ցատկեց տեղից և վազելով դեպի ինձ բացականչեց.
—Արամ, Արամ, մեզ բաժանում են միմյանցից, և դու դեռ ոչինչ չգիտես...— և խեղճ աղջիկը էլ չկարողացավ շարունակել խոսքը. նա բարձրաձայն հեկեկաց և ընկավ իմ պարանոցով:
—Մարգարիտա, իմ անգին Մարգարիտա, մի՛ լար, մեզ ոչ ոք չի կարող բաժանել, մեզ երկուսիս միասին գուցե կարողանան անշնչացնել, բայց բաժանել միմյանցից երբեք...— մխիթարում էի ես նրան:
—Օ՜, դու դեռ ոչինչ չգիտես, շարունակեց նա, իմ Հայրը արդեն յուր վճիռը տվել է․ նա պատրաստվում է վերադարձնել քեզ իմ հարսնախոսության մատանին... ես չեմ կարող ապրել, ես կմեռնե՜մ...
Կլեմեսի պատմածները ճշմարտանում էին, բայց պետք էր գործին ավելի մոտ ծանոթանալ: Թեպետ իմ սրտի մեջ արդեն արյուն էր կաթում, բայց ես աշխատեցի հանգստացնել Մարգարիտային և խնդրեցի նրան պատմել ինձ ամենը ինչ որ գիտեր:
—Դու անշուշտ հիշում ես, — սկսավ խոսել նա, — որ ես մի երկու օր առաջ ասացի քեզ՝ թե պատեր—Սիմոնը արդեն հաշտվել է իմ հոր հետ և մի շաբաթ է, ինչ նա հաճախում է մեր տուն և առանձին տեսակցություններ է ունենում հորս հետ: Ես այս հայտնեցի՝ քեզ ուրախացնելու համար, որովհետև կարծում էի, թե այդ հաշտությամբ արդեն վերանում էր ապագա միության կասկածելի արգելառիթը: Բայց. ավա՜ղ, ես չարաչար սխալվել էի: Այդ հաշտությունը կայացել էր միայն ի կորուստ մեր երջանկության: Պատեր—Սիմոնի հորս հետ ունեցած առանձին տեսակցությունները ոչ թե նախկին բարեկամությունը վերականգնելու, այլ հորս հոգին և միտքը մոլորեցնելու համար են եղել: Ամբողջ այդ շաբաթվա