Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշանակված օրը կատարել կտա մեր պսակը: Բայց իմ հոր անակալ հայտնությունը ինձ սարսափեցրել էր. մորս խոստումներն անգամ չկարողացան ամոքել ինձ. ես մի րոպե քնել չկարողացա և ամբողջ գիշեր լաց էի լինում … և եթե գիտենայիր թե ի՜նչ հուսահատություն էր տիրում ինձ վերա, եթե գիտենայիր թե ի՜նչ սոսկալի վճիռ էի ուզում կայացնել…:

Ես իսկույն հասկացա թե ի՜նչ վճռի մասին էր խոսում խեղճ աղջիկը:

—Մարգարիտա՛, Մարգարիտա՛, ուրեմն դու կարո՞ղ ես վճիռներ կայացնել, — տխրությամբ նկատեցի ես,— ուրեմն դու չե՞ս, հավատում, որ ուրիշ սիրտ էլ կա աշխարհում, որ քո սրտի հետ հավասար պիտի բաբախե և նրա հետ միասին անշնչանա…

—Ներիր ինձ, Արա՛մ, — պատասխանեց Մարգարիտան,— կյանքի մեջ շատ անգամ այնպիսի րոպեներ են պատահում, երբ մարդու աչքում կյանքը կորցնում է յուր արժեքը: Ես ինքս միշտ դատապարտել եմ հուսահատ վճիռները, բայց իզո՜ւր. երբ գալիս է հուսահատությունը՝ ամենազորեղ սիրտն էլ ընկճվում է նրա առաջ … Գիտենալ, թե կարող են ինձ բաժանել քեզանից և այնուհետև ցանկանալ ապրել… ո՜հ, ո՛չ, ես չեմ կամենում քիչ—քիչ մեռնել. ես թույլ եմ. և ամենից առաջ ես կին եմ …

Այս խոսքերից հետ նա կրկին հեկեկաց և ընկավ իմ պարանոցով: Իմ սիրտը մորմոքում էր. ես էլ կամենում էի լաց լինել նրա հետ, բայց իմ պաշտոնը ծանր էր. ես պետք է սիրտս սեղմեի և մխիթարեի նրան:

— Մարգարիտա, ուրեմն դու հավատում ես որ օտարի ձեռքերը կարող են շոշափել այն սրբարանը, ուր մեր սրտերը միացած են. դու հավատո՞ւմ ես, որ օտարները կարող են բռնանալ մեր սիրո վերա…

—Ես այժմ ամեն բանի հավատում եմ,— պատասխանեց նա դառնությամբ,— երբ հարազատ հայրն է առաջնորդում օտարին, իհարկե, մենք կհաղթվինք: Դու դեռ բոլորը չգիտես: Հիշու՞մ ես արդյոք, որ դեռ մեր նշանադրության երեկոյին իմ հոր և պատեր—Սիմոնի մեջ տեղի ունեցած կռիվը լսելով մի քանի վայրկյան սաստիկ տխրեցի. այդ նրա