Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար էր, որ ես ճանաչում էի իմ հոր թույլ բնավորությունը և գիտեի, թե նա յուր գրգռված ժամանակ գործած այդ հերոսական հանցանքը ինչ փոքրոգությամբ պիտի քավեր ապագայում: Եվ որքան էլ որ ես աշխատեցի հեռացնել ինձանից տխուր մտածմունքները, այսուամենայնիվ իմ կասկածները մարմին առան: Բավական չէր, որ պատեր֊Սիմոնի մի շաբաթվա քարոզությունները արդեն հորս կերպարանափոխել էին, այսօր, ինչպես գիտես, մի ույժի վերա երկու ուրիշ հսկաներ էլ ավելացան. Սարատովի գերապայծառը առանց մի վայրկյան կորցնելու օգնություն է հասցրել յուր անօգնական պատերին։

Այսօր երբ Մարին հայտնեց ինձ երկու նորեկների գալուստը և յուր քեզ հետ տեսնվիլը, ես շտապեցի տեղեկանալ, թե ի՞նչ նոր դարան է լարվում մեզ համար։ Ես չկարողացա իմանալ, թե ո՞վ էր պատեր-Սիմոնի երկրորդ ընկերը, բայց դռան ետևից ես զարհուրելի վճիռ լսեցի. խոսողը իմ հայրս էր. կարող ես երևակայել, թե ինչ եղա ես, երբ առաջին անգամ ականջիս զարկան նրա հետևյալ խոսքերը.

— Ես արդեն հայտնել եմ պատվելիին, որ ես հնազանդվում եմ գերապայծառի հրամանին և մերժում եմ հերետիկոսին իմ դստեր ձեռքը, երեկ երեկոյան ես հայտնեցի իմ վճիռը Մարգարիտայիս, որքան էլ նա կամ յուր մայրը գոհ չեղան այս հայտնությամբ, այսուամենայնիվ իմ վճիռը անդառնալի է. և ես այսօր իսկ մտադիր եմ վերադարձնել այն երիտասարդին յուր հարսնախոսության մատանին»:

Ես ավելի նրանց լսել չկարողացա. ոտքերս թուլացան և ես մի կերպ քարշ գալով դուրս ընկա պատշգամը. հետո Մարին օգնեց ինձ մորիցս ծածուկ կառք նստելու և ինձ այստեղ ձգելու...

Այս խոսքերից ետ Մարգարիտան մի վայրկյան նայեց ուղղակի իմ աչքերին և բացականչեց.

— Աստվա՜ծ իմ, քեզ վերա ոչինչ ազդեցություն չէ անում իմ բերած գույժը, ես խելագարվո՜ւմ եմ...

— Մի՛ անհանգստանար, Մարգարիտա՛,— պատասխանեցի ես սեղմելով նրան իմ կրծքին,— մարդու դեմքը միշտ սրտի թարգմանը չէ, և դու գուցե սարսափես, եթե բանամ

11—Մուրարցան, հատոր I