Ես պարզ տեսնում էի, որ այդ մարդիկը դիտմամբ ուզում են ինձ հիմարացնել: Իմ բոլոր հարցերը նրանք խեղաթյուրում էին, էլ չարժեր երկարել։
— Ուրեմն ասում եք, որ մեր ամուսնության գործում դուք չեք խառնվում,— վերջնական հարցով դարձա ես քարոզչին։
— Ոչ, մենք չենք կարող խառնվել, — պատասխանեց նա, — բայց կցանկանայինք ձեզ դարձնել դեպի ճշմարիտ հավատը և փրկել ձեր հոգին։
— Հոգվո փրկությունը մի կողմ։ Ուրեմն դուք չե՞ք արգելում Լուսինյանին, որ նա յուր աղջիկը ամուսնացնե ինձ հետ,— կրկնեցի ես։
— Մենք իրավունք չունինք. դա նրա գործն է, մենք միայն ուղղափառ հոգիների համար կարող ենք մտածել։
— Դուք այնքան բարի կլինեինք ուրեմն, որ այդ միևնույնը կրկնեք նրան, այնպես չէ՞,— հարցրի ես։
— Այո՛, մենք կասենք նրան, որ սրբազան պապի ծառաները միայն ուղղափառ հոգիների փրկության համար կարող են մտածել։
— Եվ դուք չե՞ք արգելիլ, որ նա յուր աղջիկը ամուսնացնե ինձ հետ։
— Մենք ձեր հոգվո փրկության համար էլ կաղոթենք,— եղավ իմ հարցի պատասխանը։
Էլ երկարելու հարկ չկար. այս անմիտ հարց ու պատասխանը չէր հատնելու, եթե շարունակեինք։ Ես վեր կացա և առանց պատվելիներին ողջունելու, գրգռված դուրս գնացի։
ԺԷ
ՇԱՐԺՈՒՆ ԵՂԵԳՆ
Ինչպես տեսաք իմ բախտը դեռ մնաց անորոշ։ Ես այցելեցի պատերներին նրա համար, որ վերջնականապես որոշեի իմ իրավունքի սահմանը — տիրել իմ սեփականությանը կամ զրկվիլ նրանից։ Բայց երևի վճռաջինջ ատյանը այդտեղ չէր:
Ես կես զայրացած և կես հուսահատ դիմեցի Լուսինյանների