Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստվածապաշտությանը: Ասացեք ինձ, ինչու համար եք դժբախտացնում երկու սիրող սրտեր։ Ինչո՞ւ համար եք խեղդամահ անում մի կյանք, որ սկսում է շնչավորվիլ, մի՞թե այդ ձեզ սուրբ Տիրամոր որդին է սովորեցրել։

— Որդյակ, դուք դարձյալ հայհոյում եք, բայց դա հանցանք է,— կրկին սկսավ խոսել քարոզիչը։ — Մենք սուրբ ավետարանի աշակերտներ ենք և քարոզում ենք խաղաղություն, մենք ձեզ էլ ներում ենք, որովհետև Հիսուս Քրիստոսը ներողություն քարոզեց, մենք աղոթում ենք միայն հոգիների փրկության համար...

Այս աննպատակ և անմիտ խոսքերը սկսում էին ձանձրացնել ինձ, քարոզիչը խուսափում էր իմ հարցերին ուղղակի պատասխանելուց։

—Ֆրանցիսկոս Լորենտանո, ձեզ երդվեցնում եմ ձեր վարդապետ Հիսուսի անունով, խոսեցեք ինձ հետ անկեղծությամբ, ես անմիտ քարոզներ լսելու ժամանակ չունիմ.— ինչու համար եք արգելում իմ և Լուսինյանի դստեր ամուսնությունը. դուք, որ խաղաղություն եք քարոզում, դուք, որ հոգիների փրկության համար եք աղոթում, պետք է, որ հոգիների կորուստյան համար էլ դավեր չլարեք, բայց դուք այդ անում եք. դուք մոլորեցնում եք խեղճ աղջկա հորը, դուք նրան դժոխքի ճիվաղներով և սատանաներով եք սպառնում. դուք նրան ավետարանի ճշմարտությունը քարոզելու փոխարեն, առասպելական մոլորություններով եք զբաղեցնում, այդ է միթե հոգիների փրկության համար աշխատելը։

— Մենք ձեր ամուսնության գործում չենք խառնվում, որովհետև դա հոգիների փրկության չէ վերաբերում, մենք չենք խառնվում և սիրահարական գործերում, որը դևերից ներշնչված մի զգացմունք է. մենք կցանկանայինք փրկել ձեր հոգին, եթե այդ դուք կամենայիք, մենք մինչև անգամ մաղթանքներ կուղղեինք ձեր հոգվո փրկության համար առ սուրբ Տիրամայրն, որ նա բարեխոսեր ձեր մասին Հիսուսի անմահ աթոռի առաջ։ Կհամաձայնվեիք դուք փրկել ձեր հոգին, ասացե՛ք, մենք կաշխատենք դրա համար։

— Այո՛, այո՛, մենք կաշխատենք դրա համար,— գրեթե միաբերան կրկնեցին Սիմոն և Պետրե պատերները։