Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանաչազարդ ծառերի կատարների վերա։ Երեկոյան հովին արդեն տեղի էր տվել ցերեկվա տոթը, և այգվո մենավոր ճեմիլիքների մեջ հետզհետե խռնվում էին զբոսնողների խմբակները։

Մարդիկներից չտեսնվելու համար մենք հեռացանք մի ամենախուլ անկյուն, ուր գրեթե վերջանում էր այգվո ծառաստանը և սկսվում ծովի ավազուտը, և նստեցինք անձրևի ու ալիքների հարվածներից մաշված մի նստարանի վերա։

— Դու կամենում էիր իմ որոշման համա՞ր լսել,— հարցրեց Մարգարիտան։

— Ոչ, ամենից առաջ դու ինձ այն օրվա հանելուկի մասին պատմիր, ես նրա վերաբերությամբ, դեռ շվարման մեջ եմ,— պատասխանեցի ես։— Ո՞վ հրամայեց ձեզ հետ դարձնել ինձ իմ նշանադրության ընծաները։

— Այդ հրամանը եկավ Սարատովի եպիսկոպոսից և մեզ հաղորդվեցավ ոստիկանատնից, պատասխանեց Մարգարիտան։ Գերապայծառը յուր պաշտոնական հեռագրի մեջ հայտնել էր ոստիկանապետին, որ ինքը հիմնվելով յուր վերապատվելի քարոզիչ Ֆրանցիսկոս Լորենտանի և Պետրե ու Սիմոն հայրերի հեռագրական զեկուցման վերա, մեծ և անզիջանելի չհասություն է գտնում Լուսինյան օրիորդի և Բյուրատյան երիտասարդի ամուսնության մեջ, հետևապես օգտվելով յուր սրբազան իրավունքից արգելում է այդ միությունը, ընդնմին և հրամայելով վերադարձնել երիտասարդին յուր նշանատվության առհավատչյան։ Ահա բոլորը, ինչ որ ես գիտեմ այսօրվա հանելուկի մասին։

Ես աչքերս հառած լսում էի Մարգարիտային։ Երբ խոսքը վերջացրավ, ես հարցրի նրան.

— Ի՞նչ մարդ է ձեր հայրը, դուք ճանաչո՞ւմ եք նրան։

— Այո', ճանաչում եմ, նա այն մարդիկներից մինն է, որոնք ապրում են` և մեռած են. որոնց ուղեղը աշխատում է՝ բայց իրենց համար, որոնց սիրտը բաբախում է՝ բայց ստրկական զգացումներով... այո, ես ճանաչում եմ իմ հորը:

— Եվ այդպես դու նրանից ոչինչ չե՞ս պահանջում։

— Ես նրանից ոչինչ էլ չեմ սպասում։ Գերապայծառի հրամանը նրա համար սուրբ է, և նա մինչև վերջը հնազանդ կմնա նրան։ Բայց ես որոշել եմ չթողնել քեզ...