Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Այո՛, քո որոշումը. ես այդ մոռացել էի։

— Եվ որոշել եմ հեռանալ քեզ հետ...

— Հեռանա՞լ. մի՞թե այդ հնարավոր է:

— Այո հեռանալ, մենք պետք է միասին քո հայրենիքը գնանք։

— Բայց քո մայրը...

— Մենք մի օր դարձյալ կվերադառնանք նրա մոտ։ Նա իմ որոշման համար շատ չի տխրիլ: Որովհետև ավելի սիրելի է նրան լսել, որ մենք միասին ենք և երջանիկ, քան տեսնել ինձ յուր մոտ և դժբախտ...

—Մարգարիտա, դու մի քաջ աղջիկ ես, ես հազիվ թե արժանի եմ քեզ, — բացականչեցի ես, — գնանք, ես իմ թևերի վերա կտանեմ քեզ։

— Ուրեմն համաձա՞յն ես...

— Եվ դու կասկածում էի՞ր... մի՞թե ես արդեն երջանկության մեջ ծերացա... Քեզ հետ միասին` թեկուզ աշխարհի ծայրը։

— Ուրեմն վճռված է, մենք կերթանք։

—Հենց առաջիկա շոգենավով,— ավելացրի ես, — ուշանալու կարիք չկա։

Եվ մենք որոշելով տեղը և ժամանակը, ուր կարևոր պատրաստությունների վերա պիտի խոսեինք, հեռացանք այգիից։

Ի

ԴԱՐԱՆ

Նույն ավուր երեկոյան պահուն այցելեց ինձ իմ հին բարեկամ Կլեմեսը։ Պատերների մասին արած հայտնությունից ի վեր` կաթոլիկ սարկավագը ինձ սիրելի էր դարձել։ Շատ անգամ ես նրա հետ զբոսնում էի ծովափում և պատմում էի նրան մինչև անգամ իմ ցավերը։ Նա այնքան բարի և ազնիվ էր երևացել իմ աչքում, որ ես անխոհեմություն չէի համարում հայտնել նրան մինչև անգամ մի քանի գաղտնիքները։

Երբ նա մտավ ինձ մոտ, ես ուրախացա, որովհետև գիտեի, որ միշտ մի նոր լուր պետք է հաղորդեր ինձ. բացի այդ,