Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատերների մասին ես մի քանի տեղեկություններ պետք է քաղեի նրանից։ Թեպետ Կլեմեսը այլևս նրանց մոտ չէր գնում, բայց ինչպես ինքն ասում էր, միշտ հետևում էր նրանց քայլերին և ամեն բանի մասին լիուլի տեղեկություններ ուներ։

— Ես շատ անհանգիստ եմ, և շտապեցի ձեզ մոտ մի շատ կարևոր գործի համար,— ասաց նա, պարզելով ինձ յուր ձեռքը։

— Ի՞նչ կա, — հարցրեցի ես անհանգստությամբ, — պատմեցեք տեսնեմ։

— Դուք անցաթուղթ ունե՞ք,— հարցրեց նա։

— Ինչո՞ւ համար եք հարցնում։

— Դեռ ասացե՛ք, շուտ, ես անհանգստանում եմ։

— Այո՛, ունիմ։

— Հապա ո՞րտեղ է. ցույց տվեք ինձ, ես կամենում եմ աչքով տեսնել։

— Բայց ինչու՞ համար է ձեզ այդ հետաքրքրությունը,— հարցրի ես,— առաջ դուք պատմեցեք։

— Ինձ ցույց տվեք ձեր անցաթուղթը,— կրկնեց նա միևնույն եղանակով,— հետո ես կպատմեմ։

Ես դուրս քաշեցի մահճակալի տակից իմ պայուսակը և բանալով նրան, հանեցի նրա միջից իմ անցաթուղթը և ցույց տվի բարեկամիս։

Կլեմեսը կարդալով նրան մինչև վերջը, ծալեց և հետ տվավ ինձ, ասելով.

— Դրեք յուր տեղը, այժմ ես հանգիստ եմ։

— Էհ, հիմա պատմեցեք, տեսնեմ ինչու՞ համար էիք անհանգստանում,— հարցրի ես։

— Ահա՛ թե ինչու համար,— պատասխանեց նա։— Ոստիկանության մեջ ծառայող իմ մի բարեկամը այսօր պատմեց ինձ, որ պատեր-Սիմոնը հայտնել է ոստիկանապետին, թե դուք անցաթուղթ չունենալով հանդերձ եկել եք այստեղ և խռովում եք յուր փոքրաթիվ հոտը, ուստի և խնդրել է հեռացնել ձեզ այստեղից համաձայն օրինական կանոնադրության: Ոստիկանապետն էլ իրավացի գտնելով պատվելիի պահանջը, հրամայել է թաղապետին գալ և այս մասին հայտնել ձեզ։ Այժմ փառք աստուծո, որ դուք անցաթուղթ ունիք և