Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր միայն աղոտ կերպով լուսավորում նորանց: Եթե մի լուսնյակ գիշեր լիներ, գուցե ես զղջայի, որ հոժարվեցա ամառային երեկոն մի խուցում անցուցանելու, բայց այժմ ուրախությամբ էի ընկերակցում սարկավագ բարեկամիս:

—Դուք երևի, չգիտեք, թե ինչ ճանապարհներով եմ ես այս պատերների գաղտնիքները իմանում,— հարցրեց նա, երբ մենք մոտցանք պատեր—Սիմոնի բնակարանին:

—Ո՛չ, ես մինչև անգամ այդ կամեցել եմ հարցնել ձեզ, բայց միշտ մոռացել եմ, — պատասխանեցի ես:

—Պատեր—Սիմոնի մոտ ծառայողը իմ քրոջ որդին է,— խոսեց Կլեմեսը: — Նա ինքն էլ ատելով ատում է նրանց: Բայց ինչ անե խեղճը. նա աղքատ է, և պաշտոնը թողնել անկարող է: Ես դեն շպրտեցի իմ պաշտոնը նրա համար, որ փոքր ի շատե կարողություն ունեի, և նրանով էլ ապրում եմ, բայց նա չէ կարող: Միայն թե յուր ատելությունը դեպի նրանց և հավատարմությունը դեպի ինձ նրանով է ապացուցանում, որ ամեն գաղտնիք հայտնում է ինձ և ես կարևոր օգուտները քաղում եմ նրանից: Այսօր էլ մի կարևոր հանձնարարություն ունեմ արած. այժմ իսկ պիտի հարցնեմ և տեսնեմ. կատարե՞լ է, թե՞ ոչ: Դուք այստեղ մի վայրկյան սպասեցեք, ես կմտնեմ նրա մոտ, — այս ասելով նա ներս մտավ արդեն բաց դռնով և անհայտացավ բակի խավարի մեջ:

Ես հետաքրքրությամբ մոտեցա դեպի փողոցը նայող սենյակի պատութհանին` տեսնե՞լու համար, թե ովքեր կան ներսում: Բայց հաստ վարգույրը արգելեց ինձ իմ նպատակին հասնելու. միայն ներսում խոսում էին մի քանի ձայներ. որոնց մեջ ես որշակի ճանաչեցի և պ. Լուսինյանի ձայնը:

Ես ավելի հետաքրքրվեցա և սկսա ուշադրությունս ի մի ամփոփել տեղի ունեցող խոսակցությունից մի բան որոշելու համար, բայց մինչ այդ Կլեմեսը դուրս եկավ:

—Գնանք, հանձնարարությունս դեռ չէ կատարել,— ասաց նա,— երևի վաղը կհաջողվի նրան այդ:

—Ի՞նչ հանձնարարություն է, չեմ կարող իմանալ:

—Ոչ, երբ կվերջանա, ես կհայտնեմ ձեզ, և դուք ինձնանից շնորհակալ կլինեք,— ասաց նա: