Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Դուք իմացա՞ք, թե ովքեր կան այդտեղ, — հարցրի ես:

— Ինչպես չէ, պ. Լուսինյանը, նա մի քանի ժամ է, ինչ որ այստեղ է գտնվում, այսպես ասաց ինձ իմ քեռորդին,— պատասխանեց Կլեմեսը:

—Այո՛, ես էլ նրա ձայնը լսեցի, — պատասխանեցի ես, — բայց չիմացանք, թե ինչու համար էր եկել:

—Այդպես շուտ չէր կարելի իմանալ. դրա համար դեռ վաղը պիտի տեղեկանամ, — ասաց սարգավագը, և մենք շարունակեցինք մեր ճանապարհը:

Կլեմեսի պատեր—Սիմոնի տունը մտնելը իմ մեջ ոչ մի կասկած չզարթեցրեց. ես հավտացի նրա բոլոր խոսքերին:

Երբ հասանք մի նեղ փողոց, խավար անկյունի մեջ նա ցույց տվավ մի մեծ դուռ, որը բացված էր երկու փեղկերի վերա, և ասաց.

—Ահա՛ այստեղ. այս բակումն է իմ սենյակը, մտնենք: Եվ նա առաջնորդեց ինձ դեպի ընդարձակ բակը, որը յուր կենդանությամբ բոլորովին հակառակ պատկեր էր ներկայացնում այդ տունը շրջապատող փողոցին: Բակի երկու կողմից հորիզոնական ձևով շինված էին բազմաթիվ սենյակներ, քարվանսարայի խուցերի ձևով, որոնց բոլորի պատուհաներն էլ լուսավորված էին և հաստ վարագույրներով ծածկված: Նրանցից մեկի դուռը բացավ Կլեմեսը և ներս մտավ: Ես էլ հետևեցի նրան:

—Ուրիշ ո՞վքեր են ապրում այս տան մեջ,— հարցրի ես:

—Շատերը. բայց բոլորին էլ ես անծանոթ եմ. իմ բնակարանը միայն այս սենյակն է: Նա միևնույն ժամանակ է և՛ իմ ննջարանը, և՛ հյուասենյակը, և՛ դահլիճը, և՛ գրասենյակը. մեզ նման մարդիկ դրանից ավելի իրավունք չունին ունենալու:

Այս ասելով նա հրավրեց ինձ սենյակի անկյունում դրված մի կլորիկ սեղանի մոտ, որի վերա արդեն դրված էին գինվո մի կիսատ շիշ, երկու բաժակներով, միրգ և շաքարահաց: