Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտե՞ս, որ նա սրա վարժապետն է, թէ՞ չէ, ահա սրանց հարցի միտքը, այժմ հասկացա՞ր:

—Իհարկե հասկացա. դեհ այդպես խոսեցեք է՜. հեր օոհնածներ:

—Վահ, չպե՞տք է շնորհք ունենան այդպես խոսելու համար, — կրկնեց քթատ Համբարձումը ինքնաբավական ծիծաղով:

—Խոսք չկա, շնորհքդ էլ այնքան մեծ է, որքան քիթդ, — կցեց վարպետ Օհաննեսը ծիծաղելով:

—Իսկ քոնն էլ երևի այնքան է մեծ, որքան գլուխդ,— կրկնեց Համբարձումը, և ծիծաղը ընդհանրացավ խմբի մեջ:

—Բավակա՛ն է, բարեկամներս,— ձայն տվավ Գրիգոր,— ճաշի ժամանակ է, ո՞ւր եք այդքան երկար կանգնում այդ ցրտի մէջ: Ներս հրամեցեք, սեղանը ձեզ է սպասում:— Այս ասելով նա առաջ անցավ, և հյուրերը հետևեցին նրան:

Բավականին ընդարձակ սենյակը, որ պատրաստած էր հյուրերի համար, փայլում էր մաքրությամբ: Երեք երկար գույնուզգույն գորգեր, որոնք ծածկած էին սենյակի հատակը, երկու սեղաններ, մի քանի աթոռներ և մի հնատարազ հայելի լրացնում էին սենյակի պարզ զարդարանքը: Հյուրերի համար գորգերի վերա զուգահեռական դիրքով ձգված էին երկու երկար օթոցներ, որոնք ծառայում էին աթոռների փոխարեն և որոնց վերա ծալապատիկ շարվեցան մեր հյուրերը:

Փոքր ժամանակից ետ Մանիշակը ներս մտավ յուր հոր աշակերտ Աշոտի հետ, յուրանքանչյուրի ձեռքը մի—մի սկուտեղ զանազան պնակներով: Նրանք միասին տարածեցին կապույտ ծաղկենկար սփռոցը հյուրերի առաջ, կարգավորեցին նախաճաշի պնակները, գինու շշերը և ապա հետզհետե ներս էին բերում կերակրի բաժինները: Արհեստավոր դասը առհասարակ ծառա չէ ունենում. նրա տանը հերթով օգնում են յուր արհեստի աշակերտները: Այսօր հերթը Աշոտինն էր, որի հայրը՝ վարպետ Սարգիսը, նույնպես հրավիրված էր այսօր ոսկերիչի տանը:

Վարպետ Սարգիսը տեսնելով, թե ինչ սիրով սպասավորում էին հյուրերին երկու հասակակից երեխաները, երկար նրանց դիտելուց ետ դարձավ դեպի տանուտերը.