Էջ:Muratsan, vol. 1.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Դեռ խոսքս չավարտած կողքիս կանգնած կինը մեջ մտավ և սկսավ իբր թե պաշտպանել ինձ։

— Պարոններ, ինչո՞ւ համար եք իմ բարեկամի վերա հարձակվում, նա իմ սիրահարն է, նա իմ ապագա ամուսինն է...

— Էհ, ի՞նչ պատասխան ունիք սրան, պարոն,— դառն հեգնությամբ հարցրեց ինձ Լուսինյանը,— այս կինն է՞լ է դավաճանում ձեզ։

Ես տեսա, որ ամեն բան վարպետությամբ է սարքված. Լուսինյանը իրավունք ուներ հիմարանալու։

— Պարոն, անմեղը այստեղ միայն ես եմ և դուք,— պատասխանեցի ես,— խաբվողը միայն մենք երկուսս ենք, հավատացեք ինձ։

— Այո, այո, նա իմ սիրահարն է,— կրկին մեջ մտավ կինը, — դուրս գնացեք, մի խանգարեք մեր զվարճությունը։ Ես էլ համբերել և կատաղությունս զսպել չկարողանալով, հարձակվեցա անզգամ կնոջ վերա և մի շեշտակի հարված իջեցրի նրա գլխին, կինը երերաց և բարձրաձայն ճչալով գլորվեցավ գետնին։

Մի ակնթարթի մեջ պատեր֊Սիմոնը, Լուսինյանը և յուր ազգականները դուրս փախան, և նրանց հաջորդեց լկտի կանանց և արբած երիտասարդների մի բազմություն, որը հարևան սենյակներից էր դուրս թափել։ Մի պառավ և ջատուկ կին դուրս գալով այդ բազմության միջից աղաղակելով ընկավ վերաս, և քիչ էր մնում, որ մազերս պիտի փետտեր, բայց ներկա եղող երիտասարդներից երկուսը ինձ ազատեցին։ Ճիչ, աղաղակ, հիշոցներ, մի րոպեի մեջ բռնեց ամբողջ տունը, և մոտակա հարևանները ներս խուժելով լցվեցան ընդարձակ բակի մեջ։

Մինչ այս մինչ այն հասավ և ոստիկանությունը։ Իմ դատախազները բազմաթիվ էին, և նրանց ձայնը ավելի շուտ լսելի եղավ քան թե իմը։

Ես ճանաչվեցա իբր մի չարագործ մարդ, որ համարձակվել էր մի կնոջ ծեծելու։ Տեղի ունեցած դեպքի մասին արձանագրություն կազմելուց հետ ոստիկանական պաշտոնյան առաջնորդեց ինձ դեպի քաղաքի բանտը...