Էջ:Muratsan, vol. 1.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


փականքը սկսան շարժիլ, դռները բացվեցան և Մարգարիտան վազելով ներս ընկավ խուցի մեջ։

— Արա՛մ...

— Մարգարիտա... — խոսքերը միաժամանակ դուրս թռան մեր բերաններից և մենք գրեթե հափշտակված փաթաթվեցանք միմյանց... Բավական ժամանակ այս դրության մեջ լուռ և անխոս մնալուց հետ վերջապես մենք թող տվինք իրար։ Այդ ժամանակ միայն ես նկատեցի, որ Մարգարիտան միայնակ չէր. նրան ընկերակցում էր օր. Վարվարա Սիլիկյանը: Ես իսկույն մոտեցա նրան, ջերմությամբ սեղմեցի յուր ձեռը և երկուսին էլ հրամեցրի իմ աղքատիկ թախտի վերա նստելու։

— Չե՞ք վախենում բամբասանքից, որ ինձ նման անբարոյական մարդուն այցելում եք բանտի մեջ,— հեգնությամբ հարցրի ես օրիորդներին, երբ նրանք նստեցին թախտի վերա։

— Քեզ հետ թեկուզ դժոխքը քարշ տան ինձ,— հարեց իսկույն Մարգարիտան,— առանց քեզ` արքայություն էլ ինձ համար դժոխք է...

— Իսկ ինձ ինչու՞ համար եք վիրավորում,— խոսեց օր. Վարվարան,— մի՞թե կարծում եք, թե ձեզ չճանաչելու չափ անփորձ մի աղջիկ եմ ես։

— Ես իրավունք չունիմ հուսալու, թե այս դեպքից հետո իմ բարեկամներն անգամ իրենց իմ վերաբերությամբ ունեցած նախկին կարծիքը անխախտ պահել կկարողանան. փաստերը ինձ դեմ են խոսում, մարդիկ ինձ դեմ են լսում, ինչպե՞ս պահանջել, որ նրանք չհավատան միմյանց...

— «Արամ, թող տուր այգ խոսքերը, — պատասխանեց Մարգարիտան,— մենք միմյանց լավ ենք ճանաչում, մեզ ճանաչում են և մեր ընկերուհիները։ Դեպքերը և փաստերը մեզ համար չեն, այլ ամբոխի։ Թող որ հասարակաց կարծիքը մի պարապմունք ունենա յուր համար, իսկ դու ինձ լսիր։ — Այսպիսի մի դարան վաղ թե ուշ պիտի լարվեր քեզ համար, ես այդ գուշակում էի։ Գերապայծառի հրամանը ստացվելուց և քո նշանատվության ընծաները քեզ հետ դարձնելուց ետ ես ամեն հաշիվ վերջացրի իմ հոր հետ։ Դու անշուշտ հիշում ես,