Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեքենայությունները, եթե նրանք մինչև անգամ սատանաների ձեռքով էլ դարբնված լինին. իզուր է ուրեմն ձեր դժոխային ուրախությունը...

Այս ասելով ես հեռացա նրանցից և այսօր ես քեզ մոտ եմ»։

— Ինչպե՞ս եկաք այստեղ,— հարցրի ես Մարգարիտային, երբ նա վերջացրավ յուր պատմությունը։

— Ես այս առավոտ դիմեցի օր. Վարվարայի հորը, նա բանտապետի ամենալավ բարեկամն է, և խնդրեցի նրան հնար գտնել ինձ համար քեզ տեսնելու, և ահա նա օրիորդին ընկերացրեց ինձ հետ և մենք բանտապետի հրամանով անարգել եկանք քեզ մոտ։

Այժմ դու պատմիր մեզ երեկվա անցքի բոլոր մանրամասնությունները, որպեսզի նույնը Վարվարան յուր հորը հաղորդե. իսկ նա յուր կողմից ոստիկանապետին հարկ եղածը հասկացնելով ազատությանդ հրամանը պիտի ստանա, այդ մասին մենք արդեն խոսացել ենք։

Ես իսկույն պատմեցի նրանց իմ ընթերցողներին հայտնի պատմությունը, սկզբից մինչև վերջ առանց մի կետ մոռանալու կամ թաքցնելու։ Երբ իմ պատմությունը վերջացավ, օրիորդ Վարվարան վեր կացավ տեղից և ասաց.

— Սպասեցեք ինձ երկու ժամ, և ես ազատության հրամանի հետ միասին կվերադառնամ այստեղ,— և այս ասելով դուրս գնաց։

— Իսկ դու, Մարգարիտա, ինչու՞ համար ես մնում այստեղ, ընկերացիր օրիորդին,— ասացի ես։

Բայց նա հեգնությամբ ժպտալով պատասխանեց.

— Ի՞նչ իրավունքով ես սիրում ինձ ուրեմն, եթե այդքան փոքրոգի ես կարծում ինձ, մի՞թե մի քանի ժամ էլ ես քեզ հետ բանտարկված չեմ կարող մնալ, և դու չե՞ս հավատում ուրեմն, երբ ես քեզ ասում եմ, թե` քեզ հետ միասին ուրախությամբ դժոխք կիջնեմ...

Իբր պատասխան ես միայն համբուրեցի սիրուհուս, և այնուհետև սկսանք կրկին խոսել մեր ապագա ձեռնարկության մասին, որ էր միասին հեռանալ իմ հայրենիքը։