Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միասին կմեռցնեն, ավելի քաղցր է մեկտեղ մեռնել քան բաժանված ապրել...

Ես տեսնում էի իմ առջև մի աղջիկ, որի մեջ սերը մեռցրել էր արդեն կանացի թուլությունը. և որի կրծքի տակ բաբախում էր առնական մի ազնվարյուն սիրտ։ Ես նայում էի նրա վերա. նայում էի և հիանում։ Շառաչող ալիքների առաջ` նա կանգնած էր հանգիստ և անհողդողդ, ինչպես մարմարիոնե մի արձան, և անթարթ աչերով դիտում էր հեռու, նավակայմի վերա վառվող լապտերը։ Նա շտապում էր ժամ առաջ հասնել այնտեղ, իմ և յուր բախտը ապահովել կարողանալու համար... այսպիսի մի կին ամենահուսահատ սրտերն անգամ կարող էր ոգևորել, իսկ ինձ` նա գրեթե առյուծի սիրտ և արծվո թևեր էր տալիս։

— Գնանք ուրեմն, Մարգարիտա,— ասացի ես, և համբուրվելով փեսայիս հետ առաջինը ցատկեցի նավակի մեջ։

Մարգարիտան իսկույն հետևեց իմ օրինակին։ Փեսաս առաջացավ դեպի նավակը և երկու ոսկի հանելով տվավ նավաստիին և ասաց.

—Քո վարձը մի քառորդ արծաթ է, ես քեզ երկու ոսկի եմ նվիրում։ Այնպես կտանես դրանց մինչև նավահանգիստը, որ ամենափոքր նեղություն անգամ չեն զգալ ճանապարհին։ Հենց որ հաջողությամբ հասցրիր դրանց շոգենավը, դարձիր ինձ մոտ և երկու ոսկի նորեն կստանաս։ Նավաստին մեծ ուրախությամբ ոսկիները գրպանը դրավ և նոր խոստումովը ոգևորված բացականչեց.

— Հանգիստ ինչպես շոգենավի մեջ. այնպես չէ՞. էհ իմ զույգ աչքերի վերա. այնպես տանեմ իմ տիրոջն ու տիրուհուն, որ նավակի մեջ քուն մտնեն։

Այս ասելով նա շարժեց թևճակները։ Եվ մենք ջերմաջերմ ողջունելով փեսայիս հեռացանք ափից։ Մի քանի րոպեի մեջ մենք արդեն թաց ծովի վերա էինք։

Թեպետ դեռ ալեկոծություն չկար, թայց կոհակների ծփանքը սաստիկ անհավասար լինելով նավակը անընդհատ մի խութից մյուսի վերա էր բարձրանում։ Այդ բավական չէր, նա սկսում էր հեռանալ ափից։ Նավաստին տեսավ, որ խոստումը անթերի կատարելու համար յուր ույժերը չպիտի