Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բավեն, թեպետ շատ էր աշխատում ալիքներին տիրելու, ուստի խնդրեց ինձ օգնել իրեն, եթե այդ կարող էի անել։ Իսկույն նավակի մեջ դրված թիակներից երկուսը իմ ձեռքս առի, և չորս թևճակների հարվածներով սկսանք առաջ վարել նավակը: Մարգարիտան նույնպես կամեցավ մի բանով օգնել մեզ և ձեռքն առավ նավակի փոքրիկ ղեկը, որը մինչև այն բարձիթողի էր արված։ Մեր հավաքական ույժը կարողացավ հանել նավակը զարտուղի ճանապարհից և մոտեցնել ափին։ Այնուհետև հեշտանում էր նավաստիի գործը, որովհետև ափերից մոտիկ պիտի լողար նավակը, իսկ այդ դեպքում մեծ ույժ գործ դնելու կարիք չկար։ Երբ մենք մտինք հին նավահանգիստի ձանձաղուտը մեր պ. նավավարը սկսավ երգել. այդ նշան էր, որ վտանգավոր ճանապարհը արդեն անցել էինք։

Ես էլ սկսա մի փոքր զրույց անել մեր նոր բարեկամի հետ։

— Ինչպես երևում է այժմ լավ տրամադրության մեջ ես, բարեկամ,— ասացի նրան,— մի փոքր առաջ քեֆդ տեղը չէր։

— Ճշմարիտ է, տեղը չէր,— պատասխանեց նավաստին,— բայց այդ դուք ո՞րտեղից գիտեիք։

— Ես տեսնում էի, որ ալիքների չարությունը քեզ բարկացնում էր։

— Ալիքների չարությո՞ւնը, բնա՛վ, նրանց չարությունը ինձ չէ բարկացնում, այլ ընդհակառակը զվարճություն է պատճառում։ Ես տխուր էի ձեր գալուց առաջ։

— Ինչո՞ւ համար։

— Որովհետև ամբողջ չորս ժամ ձեզ սպասեցի։ Էլի օրհնյալ լինի ձեր ծառան, նա ինձ մի փոքր զբաղեցրեց։

— Մեր ծառա՞ն,— զարմացմամբ հարցրի ես,— բայց որտե՞ղ տեսիր դու նրան։

— Նա ինձ մոտ էր, եկել էր տեսնելու, թե ես պատրա՞ստ եմ ձեզ իմ նավակի մեջ ընդունելու համար։

Ես մնացի շվարած։ «Մեր ծառան սրա մոտ չէր գալ, — մտածեցի ես,— երևի մի ուրիշը այդ անունով մոտեցել է սրան և մեր գաղտնիքն իմացել»։

— Ի՞նչ ուներ հագած մեր ծառան,— հարցրի ես։

— Օ՜, ծիծաղելի հագուստ, զարմանալի է, ինչպես