— Մարգարիտա, ի՞նչ ունիս դու այստեղ, ո՞ւմ հետ եկաք այս կես գիշերին..
— Ամենից առաջ դուք ասացեք, ո՞վ եք դուք և ի՞նչ ունիք ինձ հետ։
Լուսինյանը զարմացած աչքերով նայեց աղջկա վերա.— Ո՞վ եմ ես. մի՞թե չգիտես, ես քո հայրն եմ... Մարգարիտա…
— Դուք իմ հայրը չեք. հայրերը իրենց աղջկերանց չեն հալածում, իսկ դուք հալածում եք ինձ։
— Մարգարիտա, որդյա՛կս, մի կործանիր ինձ,— ձայնը նվաղեցնելով խոսաց Լուսինյանը,— դարձիր տուն, դարձիր քո մոր մոտ, ես կաշխատեմ այսուհետև քո բոլոր ցանկությունները կատարելու...
— Ապարդյուն քարոզներ են, ես այստեղից վերադարձող չեմ, կամ իմ նշանածի հետ` կամ ծովի հատակը — այս է իմ վերջին վճիռը...— Այս ասելով Մարգարիտան շուռ տվավ երեսը և հեռացավ։
— Դուք չեք ամաչում, անօրեն, որ իմ միակ սիրելի աղջիկը հափշտակում եք իմ գրկից, գոռաց դեպի ինձ Լուսինյանը, — չեք խղճահարվում, որ մի պատվավոր ընտանիք անպատվում եք ձեր խայտառակ վարմունքով` առանց այդ ընտանիքից մի վնաս տեսած լինելու:
— Եթե դուք իմ հարսնացուի հայրը չլինեիք, ես նույնպիսի լեզվով կխոսեի ձեզ հետ, ինչ լեզվով որ դուք եք խոսում,— պատասխանեցի ես,— բայց ես ձեզ խնայում եմ։
Թեպետ չեմ էլ լռիլ ինձ արդարացնելու, ես իմ վարմունքով ոչինչ հանցանք չեմ գործում. դուք բռնանում եք ձեր աղջկա զգացմունքների վերա, իսկ ես պատսպարում եմ նրան, այս է իմ և ձեր գործի մեջ եղած տարբերությունը։ Ինքներդ կարող եք դատել, թե ով է մեզանից հանցավորը։
— Դուք իմ աղջկա փեսան լինել չեք կարող, այդ միանգամից պիտի գիտենաք։
— Այդ ձեր աղջիկը պիտի ասե ինձ և ոչ թե դուք։
— Ես նրա հայրն եմ։
— Բայց դուք նրա տերը չեք…