Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի քանի րոպեից հետ մենք հասանք նավահանգստի բերանը և կամաց-կամաց սկսանք հառաջանալ դեպի շոգենավը:

Հիսուն քայլ հազիվ էր մնացել մինչև շոգենավը, երբ երկրորդ նշանը սուլեց։

Մենք կրկնապատկեցինք մեր եռանդը և մի քանի րոպեից հետ արդեն շոգենավի մոտ էինք։ Բոլոր ճանապարհորդները արդեն տախտակամածի վերա էին։ Շոգենավի շուրջը պտտում էին միայն դատարկ նավակները, որոնք քաղաք դարձող հուղարկուներին էին սպասում։ Ես օգնեցի Մարգարիտային՝ բարձրանալ նավի տախտակամածը հանող երկաթե սանդուղքի վերա և ապա ես էլ նրա ետևից բարձրացա։

Հազիվ թե ոտքներիս կոխեցինք տախտակամածի վերա և ահա նշմարեցինք Լուսինյանին, որ յուր մի երկու ազգականների, ոստիկանապետի և մի քանի ոստիկանների ընկերակցությամբ կանգնած էր նավախուցերի մուտքի մոտ: Ըստ երևույթին նրանք սպասում էին մեզ։

— Ամեն հույս կորավ,— շշնջաց Մարգարիտան և դալկահար կրթնեց իմ թևի վերա։

Ես զգացի, որ նա թուլանում էր և իսկույն գրկեցի նրան։

Բայց մի րոպեից հետո նա կրկին զգաստացավ և սկսավ առաջանալ դեպի յուր հայրը։

— Մարգարիտա, ո՞ւր ես գնում, այնտեղ քո հայրն է կանգնած, — զգուշացրի ես,— եկ թաքնվինք այստեղ, մինչև որ երրորդ նշանը կտան, և նրանք կհեռանան..,

— Թաքչի՞լ, ինչու՞ համար, — բացականչեց նա զվարթ ձայնով,— ես չեմ կամենում մինչև վերջը վատությամբ փախուստ տալ իմ ճակատագրից, ես էլ ավելի թաքնվելու ույժ չունիմ, բայց գիտցիր, որ մարդիկներից էլ չեմ վախենում. եթե նրանք ինձ կարգելեն քեզ հետևելու, այն ժամանակ ես կիջնեմ ծովի հատակը. նա բավական խոր է, և իմ հայրը չէ կարող այնտեղ ոստիկաններ ուղարկել։

Այս ասելով նա սիգաճեմ առաջ գնաց։ Լուսինյանը տեսավ աղջկան թե չէ, իսկույն վազեց նրա մոտ և հաղթական ձայնով բացականչեց.