Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկը։ Հեռագիր տեսքը միայն բավական եղավ ինձ իմ որոնած պատճառը գտնելու։

«Կասեմ Մարգարիտային, որ մեր տնից հեռագիր ստացա, որով հայտնում են՝ թե մայրս մերձ ի մահ հիվանդ է և ինձ ուզում է» մտածեցի ինքս ինձ և ուրախացա։ Պատրվակը ամենահարմարն էր, մանավանդ որ քույրս ու փեսաս ընկերակցում էին ինձ։ Հենց այդ պատճառով էլ Մարգարիտան չէր կարող կասկածել իմ խոսքերի ճշմարտության վերա։ Իսկ կրկին այստեղ վերադառնալուց, իհարկե, ես նրան կխոստովանեի ճշմարտությունը. բավական էր, որ մինչև իմ վերադարձը նա հանգիստ լիներ։

Բայց պետք էր հարկավոր դիպվածում ցույց տալ նրան հեռագիրը։ Այդ պատճառով ես կրկին վերադարձա տուն, պատրաստեցի այդ մտքով մի հեռագիր, և քրոջս ու փեսայիս էլ նախապատրաստելով շտապեցի Մարգարիտայի մոտ։

Նա արդեն մտախոհ ճեմում էր յուր սիրելի մենարանում, իսկ մի քանի քայլ հեռավորության վերա նստած էր Մարին։

— Սիրելի Մարգարիտա, այսօր անախորժ լուր պիտի հաղորդեմ քեզ, — ասացի նրան ողջունելուց հետ։

— Այնքան շատ անախորժ լուրեր եմ լսել, որ ականջներս սովորել են,— պատասխանեց նա տխրությամբ,— ասա, ես հանգիստ սրտով կլսեմ քեզ։

— Գիտե՞ս, սիրելիս, ես պետք է հեռանամ քեզանից…

— Հեռանա՞լ... երբե՛ք, այդպիսի լուր ես չեմ կարող լսել, ես կմեռնեմ...

— Բայց գիտես, պիտի հեռանամ շատ կարճ ժամանակ, ընդամենը մի ամսով։

Եվ ոչ իսկ մի օրով, բացականչեց նա ջերմությամբ. այն օրը որ դու կհեռանաս ինձանից, այն օրն էլ դու ինձ կկորցնես հավիտյան...

— Մարգարիտա, հոգյակս, դու այնպես ես խոսում, որ իբր թե այս բաժանումը շատ ցանկալի է ինձ համար, բայց գիտցիր, որ ես սիրտս սեղմելով եմ զիջանում այս ձեռնարկությանը, որովհետև անհրաժեշտ է նա։

— Անհրաժե՞շտ, բայց ինչու՞ համար, մի՞թե կա մի