շառաչմամբ դիմում էին դեպի մեզ... Մենք սարսափահար սկսանք փախչել նրանցից։
Այդ փախուստի ժամանակ հանկարծ Մարգարիտան ճչաց' «Արամ, ազատիր ինձ...»։ Ես իսկույն հետ դարձա և ինչ եմ տեսնում, ով աստված, կոհակներից մինը մարդու կերպարանք առած ահագին բերանով և կատաղի աչքերով վազում էր մեր ետևից, նա հագած ուներ սառույցներից շինված քահանայական սքեմ և նույնպիսի սաղավարտ, իսկ ձեռքի մեջ մի հրեղեն սուր և մի արյունոտ խաչ... Հենց այն րոպեին, որ ես կամենում էի պատսպարել Մարգարիտային, նա խլեց նրան իմ ձեռքից և մի ակնթարթում անհայտացավ ծովակի ալիքների մեջ...
— Մարգարիտա,— աղաղակեցի ես իմ բոլոր ուժով և սարսափահար վեր թռա քնիցս։
Թեպետ նույն րոպեին երազի մեջ լինելս իմանալով ուրախացա, բայց երկյուղից ամբողջ մարմինս դողում էր։
Արդեն մոտ էր լուսանալու, ես էլ քնել չկարողացա։ Զանազան տխուր մտածմունքներ հետզհետե սկսում էին ինձ պաշարեր: Ես վախենում էի, թե չլինի՞ այդ տարօրինակ երազը կատարումն ստանա։
Եվ թեպետ մերոնք արթնանալով ինձ ևս ստիպեցին վեր կենալ և ուղևորության համար պատրաստվիր, բայց ամբողջ ժամանակ սիրտս մեռածի պես էր, և երակներիս մեջ կարծես արտասուք էր հոսում...
Վերջապես կամաց-կամաց սկսանք պատրաստվիր, ծանր իրեղենները ժամ առաջ շոգենավը ղրկեցինք, տանը մնացած իրեղենները ըստ պատշաճի ամրացրինք, և նրանց պահպանելու համար ծառաներին կարևոր հրահանգները տվինք և այսպես մինչև ժամ ութը ամեն բան վերջացնելով դուրս եկանք տնից և ուղղվեցանք դեպի նավահանգիստը։
Ես սկսա շտապեցնել քայլերս նավակամրջի վերա Մարգարիտային տեսնելու և նրա հետ մի քանի վայրկյան ավելի խոսելու համար։
Բայց դեռ ծովափը տանող ճանապարհի վերա էի, երբ տեսա, որ Մարին վագում է իմ ետևից։
—Ի՞նչ կա, Մարի՛,— շտապով հարցրի ես։