Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Օրիորդը այս նամակը տվավ ինձ, որ ձեզ հանձնեմ,— պատասխանեց նա և մի նամակ տվավ իմ ձեռքը։

— Իսկ ինքը ո՞ւր է, մի՞թե չէ գալու, — հարցրի ես անհանգստությամբ։

— Չգիտեմ. մենք նրան այսօր յուր անկողնում չգտանք, երևի շատ վաղ է վերկացել. մենք կարծում էինք, թե նա ձեզ մոտ կլիներ:

— Ինչպե՞ս թե մեզ մոտ,— շվարած հարցրի ես, և ապա նամակը հիշելով հարեցի,— հապա այս նամակը նա ե՞րբ տվավ քեզ։

— Երեկ երեկոյան և խնդրեց, որ այս առավոտ հանձնեմ ձեզ։

Ես կամեցա իսկույն բանալ նամակը, բայց ծրարի վերա գրված մի քանի տողերը իմ ձեռքերը թուլացրին։

«Արամ, երդվեցնում եմ քեզ մեր սուրբ սիրո անունով, որ կատարես իմ վերջին խնդիրը։ Այս նամակը կարդա այն Ժամանակ, երբ դու արդեն շոգենավով մի քանի փարսախ հեռացած կլինիս»։

«Ի՞նչ նամակ պետք է լինի այս» մտածեցի ես զարհուրելով և շտապեցի նավահանգիստը։

Մարգարիտան յուր խոստման համաձայն այնտեղ պիտի լիներ։

Բայց որքան մեծ եղավ երկյուղս, երր այնտեղ էլ Մարգարիտային չտեսա։ Նավահանգիստ եկողները — ճանապարհորդները թե հուղարկուներ, բոլորը արդեն հավաքվել էին, մերոնք արդեն պատրաստվում էին նավակի մեջ մտնելու, բայց Մարգարիտան դեռ չկար։

— Նստիր նավակում, դեռ գնանք շոգենավը,— ասում էր ինձ փեսաս,— Մարգարիտան նավակով այնտեղ էլ կգա:

Բայց մի՞թե ես կարող էի լսել նրան։ Մի քանի րոպեից եկան և Մարգարիտայի զույգ ընկերուհիները` Վարդուհին և Վարվարան, նույնպես և տեր-Հովհաննեսը և մեր մյուս բարեկամները և ծանոթները, բայց Մարգարիտան դարձյալ չէր երևում։ Ամենից վերջը եկավ իմ զոքանչը միայնակ։ Էլ սարսափը տիրեց ոսկորներիս։

«Ի՞նչ բան է վերջապես այս նամակը, ի՜նչ եմ