Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա

Մութն արդեն կոխել էր, երբ Գուստավի արհեստանոցի մեջ շոգեմեքենան սուլեց։ Դա նշան էր, որ աշխատանքը դադարում Է: Մի քանի րոպեի մեջ գործավորներն իրենց գործիքները տեղավորեցին և խառնաշփոթ աղաղակներով դուրս թափվեցան արհեստանոցի բակը։ Նոցանից մաքրասերներն իսկույն զբաղվեցան իրենց հագուստների փոշին մաքրելով, ուրիշներն սկսան լվացվիլ արհեստանոցի բակում շինված ավազանի մեջ, իսկ մի քանի անհոգներ դեռ շարունակում էին իրենց տաք վիճաբանությունը, որն սկսվել էր արհեստանոցի մեջ։

Շառլ Գուստավի գործարանում անխտիր բանում էին թե՛ ռուս, թե՛ հայ և թե՛ վրացի երիտասարդներ։ Նոքա, ճշմարիտը խոստովանած, վարվում էին միմյանց հետ հաշտ և բարեկամաբար։ Բայց այդ, իհարկե, ծերունի Գուստավի շնորհիվն էր, որը աշխատանքները բաժանելու մեջ երբեք հավասարակշռությունը ձեռքից չէր թողնում։ Իսկ եթե նա երբեմն, իրենից անկախ պատճառներով, սխալներ էր գործում, այդ ժամանակ, իհարկե, յուր գործավորների միմյանց հետ ունեցած հարաբերությունը շատ էլ գովելի չէր լինում։ Եվ շատ բնական էր, որ փոքրիկ վիճաբանություններին հաջորդեին փոքրիկ հայհոյանքներ, իսկ այս վերջիններին` փոքրիկ կռիվներ։ Որքան այդ բանն անհաճո լիներ ծերունի Գուստավին, այսուամենայնիվ նա չէր կարող յուր գործարանը բարոյականության դպրոց դարձնել կովկասցի կիսավայրենիների համար։ Հենց