Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս երեկո էլ քիչ էր մնացել որ ծերուհի Գուստավը մի մեծ կռիվ գցեր յուր գործավորների մեջ, եթե յուր դուստրը օգնության չհասներ իրեն։

Պատճառը ես իսկույն կասեմ։

Գործարանի մեջ աշխատանքը դադարելուց ետ, երբ գործավորները բակը ժողովվեցան, պարոն Գուստավը հայտնեց նորանց, որ գործարանի մեջ նույն օրն ավարտած չորս հատ երկաթե վանդակները պետք է հասցնվի պատվիրող պարոն Սոմարյանցի տունը։ Այս հայտնությունից ետ մի քանի րոպե լռություն տիրեց ամբողջ բակի մեջ և ոչ ոք չէր կամենում ձայն հանել, որովհետև վախենում էր, որ այդ ծանրությունը յուր վերա կբարձեն։


— Ինչո՞ւ եք լռում, — վերջապես ձայն տվավ Գուստավը,— ձեզանից մեկն անպատճառ պետք է այդ վանդակները հասցնե պատվիրողի տունը, որովհետև խոստացել եմ։

— Թող Վալուշկինը տանե, հերթը նորանն է,— խմբի միջից ձայն տվավ մի գործավոր։


— Ինչու՞ համար դու ինքդ չես տանում, հիմար,— գոռաց բարկությամբ Վալուշկինը։

— Հիմարը դուն ես, ես շաբաթ օրը իմ հերթը վերջացրի։

— Մի՛ կռվեք. հերթը Կոլլակովինն է,— ձայն տվավ մի ուրիշը։

— Կուլակովը գործարանի մշակ չէ՞ խո,— խռպոտ ձայնով գոչեց վերջինս։ — Երեկ չէր, որ ես ձողերը երկաթուղին տարա։ Շաբաթը խո տասն անգամ չպետք է իմ հերթը հասնի։

— Ուրեմն Կամարիձեն պետք է տանի, — լսելի արավ յուր ձայնը մի ուրիշը:

— Իմ ոտքը ցավում է, ես չեմ կարող, — պատասխանեց Կամարիձեն և ապա՝ «Ինչո՞ւ այս հայերը չեն տանում, իրենց հայն է պատվիրողն» ասելով հեռացավ դեպի բակի մի խավար անկյունը։

— Այո՛, այո՛, այս հայերը պետք է տանեն, իրենց հայն է պատվիրողը,— աղաղակեցին իսկույն մի քանի հոգի։