Էջ:Muratsan, vol. 1.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի ամենակոկետ կնոջից, առաջարկեց խմել հայոց թատրոնի կենացը։

— Այո', այո՛, հայոց թատրոնի կենացը,— գոչեցին մի խումբ նրբաճաշակ և ըստ երևույթին գեղարվեստը պաշտող երիտասարդներ, որոնք առանձին ժողովված էին սեղանի մի անկյունում։

Սեղանապետը հարգեց և այդ առաջարկությունը և դարձյալ մի ատենաբանությամբ առաջարկեց նորան հյուրերին, վերջիններս, իհարկե, ընդդիմություն ցույց չտվին բաժակները դատարկելու մեջ։

Բայց սեղանի մի անկյունում հավաքված նրբաճաշակ երիտասարդների խումբը, անկախ սեղանապետի բարեհաճությունից, խմեց և հայոց գեղեցիկ դերասանուհիների կենացը։ Իմ ընթերցողներն, իհարկե, ինձ հետ միասին, այս վերջինը ամենից արժանավորն են գտնում։

Այս բոլոր կենացներին մի մարդ միայն չէր մասնակցում։ Դա հայոց լավ հեղինակներից մինն էր, որ կանգնած դահլիճի պատուհանում, երկար նայում էր դեպի դուրսը։ Թատրոնի կենացից հետո միայն սեղանապետը նշմարեց նորան և բավական ծանր նկատողություն արավ նորան յուր այդ անկարգ վարմանց համար։

— Ներեցե՛ք ինձ, պարոն սեղանապետ,— դարձավ նորան հեղինակը,— այստեղ մի երգչի չնաշխարհիկ ձայնը գրավել է ինձ ավելի, քան ձեր բոլոր կենացները (սեղանի շուրջը հավաքված երիտասարդների մեջ անբավականության նշաններ), լսեցեք նորան մի փոքր և տեսեք արդյոք իրավունք չունեի՞ ես ուշադիր լինելու ավելի այս երգչին, քան թե ձեր կենացներին։

— Ե՞նչ երգիչ է, հապա՛' տեսնենք։ — Այս ասելով տեղից վեր կացավ սեղանապետը և մոտեցավ պատուհանին։ Սեղանապետի օրինակին հետևեցին և հրավիրյալներից շատերը և մի ակնթարթում ժողովվեցան դահլիճի պատուհանների մոտ։

Երաժշտությունր լռեց. Սոմարյանցի հյուրերն ամենայն ուշադրությամբ լսում էին դրացի տան բակում երգող երգչին։ Դա Գևորգն էր, որ հնչեցնում էր յուր սրինգը և երգում