հացի համար ծառայում է փականագործի գծուծ արհեստով։ Ուրեմն, մենք պետք է օգնենք նրան յուր կոչմանը ծառայելու։
(Համաձայնության աղաղակներ)։
«Ես տեսնում եմ, որ դուք համակրում եք իմ խոսածներին. ինձ մնում է առաջարկել այն միջոցը, որով կարելի կլինի օգնել այդ երիտասարդին բարձրացնելու ա՛յն աստիճանների վերա, որի համար օժտված է նա բնությունից»։
— Առաջարկեցե՛ք, առաջարկեցե՛ք,— ձայն տվին մի քանի տեղերից։
— Ահա՛ իմ առաջարկությունը, պարոններ։ Ես կարևոր եմ համարում հենց այստեղ ստորագրություն բանալ այդ երիտասարդի օգտին, որին մենք բոլորս անխտիր կմասնակցենք։ Յուրաքանչյուրը մեզանից, յուր կարողության համաձայն, թող մի գումար ստորագրե, և այդ ժողովված փողով մենք կղրկենք այս երիտասարդին Պետերբուրգի կամ եվրոպական մի ուրիշ նշանավոր քաղաքի երաժշտական դպրոցը, ուր նա յուր ձայնը կմշակե և երգելու արհեստի մեջ կկատարելագործվի։
— Կեցցե՜, կեցցե՜, պարոն բժիշկ, — գոռացին հրավիրյալները և ծափահարություններով թնդացրին դահլիճը։
Իսկ սեղանապետը իբրև վարձատրություն նորա գեղեցիկ ճառին, առաջարկեց խմել պարոն բժշկի կենացը։
Բոլոր հրավիրյալներն ուրախությամբ ընդունեցին այդ առաջարկությունը և դատարկեցին բաժակները։ Սակայն մեր նախածանոթ պարոն Դեմուրջյանը ռուսահայոց նման լռությամբ կենացներ խմելն անվայել համարելով, առաջ անցավ և ձախ ձեռքում բաժակը բռնած, իսկ աջով յուր ընչացքը ոլորելով, խոսեց, «Ձեր թանկագին կենացը կպարպեմ սա բաժակը, պարոն բժիշկ։ Մեր ամենուս մեջ, եթե չասեմ խելոքը, գեթ ամենեն ազգասերը գտնվեցաք։ Ձեր ըրած առաջարկությունը մեր երգչին քոնսերվատոր խրկելու համար անանկ խելացի առաջարկություն մ՚է, որ պատիվ կբերե թե՛ առաջարկողին և թե՛ ընդունողներուն։ Քաջահույս եմ, թե մեծարգո հրավիրյալք, որքան հնարավոր է առատագույնս պիտի նվիրաբերին սա հանրօգուտ գործին համար։ Չեր ճառի