Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գևորգի բախտը բանեց։ Շառլոտան արհամարհանքով վերաբերվեց դեպի նրան, վիրավորեց նրա ինքնասիրությունը, այժմ ավելի հեշտ կլինի նրա համար Գուստավից հեռանալը, այժմ առանց զղջալու կթողնե Շառլոտային…

— Ուրեմն մնաք բարով, պարոն Գուստավ, — դարձավ դեպի նրան Գևորգը Շառլոտայի հեռանալուց հետո և խորը գլուխ տալով, կամենում էր հեռանալ։

— Սպասեցեք, դեռ պետք է ձեր հաշիվը վերջացնեմ, — այս ասելով Գուստավը հանեց գրպանից քսակը և քսան ռռւբլ համարելով առաջարկեց Գևորգին, — տասը ռուբլի ձեր այս ամսվա վարձից ձեզ հասանելիքն է, — ասաց նրան, — իսկ տասը ռուբլին ես ձեզ նվեր եմ տալիս, վերցրեք։

— Դուք ինձ տվեք միայն իմ վարձը, իսկ նվերը... կարծեմ ես նրան արժանի չեմ...

— Վերցրեք,— ընդհատեց նրան Գուստավը, — դուք արժանի եք վարձատրվելու, ցավալի է միայն, որ թողնում եք ձեր պաշտոնը, դուք շնորհալի տղա եք, դուք կարող էիք առաջ գնալ, բայց ձեզ սխալեցրել են։

— Ինձ ոչ ոք չէ սխալեցրել, ես ավելի առաջ գնալու համար եմ թողնում իմ պաշտոնը։

— Աստված տա, որ սխալված չլինեք, բարի ճանապարհ,— այս ասելով Գուստավը փողերը տվավ Գևորգին, հեռացավ։

Գևորգը խորը գլուխ տալով ուղղվեցավ դեպի բակի դուռը։

— Գևորգ, Գևորգ, դո՞ւրս ես գնում, անպիտան, եկ մի մնաք բարով էլ է ասա մեզ, է՜,— գոչեցին մի քանի հոգի գործարանի բանվորներից, որոնք մինչև այն հեռվից ականջ էին դնում նրա ու Գուստավի խոսակցությանը։ Գևորգն իսկույն զգաց յուր սխալը և դարձավ բանվորների մոտ։ Նոքա գործերը թողնելով շրջապատեցին նրան։

— Տո, ո՞ւր ես կորչում,— հարցնում էր մեկը։

— Ժաքոյի գործարանն ես գնո՞ւմ, հա՞, — հարցնում էր մի ուրիշը։

— Կարելի է նորից գիմնազիա՞ է մտնում, ո՞վ գիտե,— ավելացնում է մի երրորդը։

— Տո ձեր ինչի՞ն է հարկավոր, ուր որ գնում եմ, այդ իմ