«Դարձյա՞լ քնած։ Հաջողությամբ չէ սկսվում գործս. մտածեց Գևորգը, բայց գուցե հաջողությամբ կվերջանա։ Տեսնենք»:
Այս հուսատու խորհրդածությամբ հեռացավ նա Տանպետյանցի տնից և մտավ քաղաքային այգին, որ մոտ էր, որպեսզի մի փոքր ժամանակ այնտեղ զբոսնե, մինչև որ յուր հարուստ բարերարները կզարթնեին։
Մի ժամից հետո տասը լրացավ։ Գևորգը դարձյալ բռնեց բժշկի տան երկար ճանապարհը։ Կես ժամից հետո նա դարձյալ նրա մուտքի մոտ էր։
— Այս անգամ պատրաստ է, կարող եք տեսնել նրան,— պատասխանեց բժշկի ծառան Գևորգի «զարթե՞լ է բժիշկը» հարցին։
Երբ ծառան հայտնեց յուր տիրոջն այցելողի մասին, պարոն Դուդուկջյանն առաջին անգամ կարծեց, որ երեք ռուբլ բերող մի հիվանդ է նա, ուստի շատ քաղցր և ամոք արտահայտություն տվավ դեմքին ընդունարանը մտնելու ժամանակ, բայց երբ այդտեղ մեր երգիչ Գևորգին տեսավ յուր բնական մթին կերպարանքն առավ։
— Ի՞նչ եք հրամայում,— դարձավ նա Գևորգին:
— Ես եկի հիշեցնելու ձեզ այն երեկոյան ձեր ինձ արած պատվերի մասին,— ակնածությամբ պատասխանեց Գևորգը:
— Ի՞նչ պատվեր, ես լավ չեմ հիշում,— հարցրեց բժիշկն աչքի մեկը խփելով և ծնոտը դեպի պատուհանը ծռելով։
— Դուք պարոն Սոմարյանցի տանը ինձ պատվիրեցիք, որ իմ պաշտոնը թողնեի Գուստավի գործարանում, և իսկույն գնայի պարոն Տանպետյանցի մոտ, որը պետք է հոգար ինձ Պետերբուրգ ղրկելու համար։
— Այո, հիշում եմ: Դուք այն երեկոյան երգում էիք մեզ մոտ։ Եվ դուք արդեն թողե՞լ եք ձեր պաշտոնը,— ավելացրավ բժիշկը:
— Այո՛, պարոն բժիշկ, ձեր պատվերի համաձայն հենց երեկ թողեցի։
— Ի՞նչ եք ասում,— կես զարմացած գոչեց Դուդուջկյանը: