Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլխավոր և սրտին ամենամոտիկ պարապմունքը ոչ թե մի բան սովորելն էր լինում, այլ ընդհանրապես սովորեցնելը դատելը, վճռելը, չգիտցած և չսովորած բաների վրա վիճաբանելը, արժանավոր մարդիկների վրա հանդգնությամբ վայրահաչելը և այլն, և այլն:

Գևորգի ժամանակն այս շրջաններում տխուր չէր անցնում: Նա կարողացել էր նրանց մեջ յուր համար առանձին տեղ գրավել:

Բոլորը գիտեին, որ նա պատրաստվում է Պետերբուրգ գնալու, որովհետև հասարակությունը որդեգրել է նրան և մեծ գումար է հավաքել նրա համար. այս պատճառով և մի առանձին համակրությամբ էին վերաբերվում դեպի նրա անձնավորությունը: Մինչև անգամ երիտասարդների մի որոշ խումբ աշխատում էր մի առանձին մտերմություն հաստատել նրա հետ, յուր այս կամ այն նպատակներին նրան գործիք դարձնելու համար:

Իհարկե, բոլորն էլ լավ էին անում, բոլորն էլ իրավունք ունեին, բայց մենք կդառնանք մեր պատմության:

Ժ

Վերջապես երկու շաբաթը լրացավ: Նշանակված կյուրակե օրը Գևորգն ըստ պատշաճի հագնվեցավ և դիմեց պարոն Տանպետյանցի տունը: Հասնելով նրա մուտքին՝ Գևորգի սիրտն սկսավ անհանգստությամբ տրոփել:

— Արդյոք ի՞նչ պատասխան առներ նա Տանպետյանցից: Կարողացե՞լ էր նա փողերը ժողովել կամ իրեն Պետերբուրգ ղրկելու համար հոգացե՞լ էր մի բան: Այս հարցերը սաստիկ անհանգստացնում էին նրան:

Պարոն Աբրահամ Տանպետյանցն այսօր տանն էր: Նա առանց ուշացնելու ընդունեց Գևորգին դարձյալ յուր շքեղ ընդունարանում:

—Ցավալի լուր պետք է հաղորդեմ ձեզ, սիրելի բարեկամ,— այս խոսքերով դարձավ նա Գևորգին, — իմ այսքան