օրվա անխոնջ աշխատությունս իզուր անցավ, ոչ ոք չկամեցավ յուր ստորագրած գումարը վճարել:
— Ի՞նչպես թե չկամեցավց … — երկյուղից դողալով հարցրեց Գևորգը,— ուրեմն ինչու՞ էին ստորագրում … ինչու՞ իզուր տեղից ինձ…
—Այո՛, այո՛, իրավունք ունիք, — ընդմիջեց նրան Տանպետյանցը,— դուք կամենում եք ասել՝ ինչո՞ւ, ուրեմն, խոստացան ձեզ, այնպես չէ՞:
—Ոչ, հարգելի պարոն, ո՛չ, խոստանալ և չտալն իրենց կամքից է կախված, ես կամենում եմ ասել՝ ինչու, ուրեմն, ինձ ստիպեցին իմ պաշտոնը թողնել, իմ մի կտոր հացից զրկվել:
—է՜հ, այդտեղ դուք անարդար եք խոսում, բարեկամ, ձեզ շատ բան կարող են ասել, մի՞թե բոլոր ասածներին պարտավոր եք լսել: Ձեր պաշտոնը մանավանդ, դուք իրավունք չունեիք թողնելու, քանի որ խոստացվածը դեռ առձեռն պատրաստ չէր. այստեղ դուք եք մեղավոր:
Գևորգը չափազանց զայրույթից գունաթափվեցավ. նա ամբողջ մարմնով դողում էր:
—Հարգելի պարոն, ես ոչինչ մեղք չունիմ այստեղ: Ձեր պարոն բժիշկը պատվիրեց ինձ անպատճառ թողնել իմ գծուծ պաշտոնը, որովհետև դուք բոլորդ ապահովացրիք ինձ ձեր պատվավոր ստորագրություններով, և ես ձեզ լսելով, իբրև պատվավոր մարդիկների, թողեցի իմ պաշտոնը…
—Դուք, պարո՛ն, արդեն սկսում եք անքաղաքավարի խոսել, ես շատ չեմ համբերում այդ տեսակ վարմունքին,— երեսը խոժոռելով նկատեց Տանպետյանցը:
Գևորգը զգաց իսկույն յուր թշվառ և անզոր դրությունը, և նա սկսավ աղաչավոր ձայնով.
—Ներեցե՛ք ինձ, հարգելի պարոն, եթե ես համարձակվեցա անքաղաքավար գտնվել ձեր առաջ. բայց հավատացեք, որ ես արժանի եմ ձեր կարեքցության: Ես թողել եմ իմ պաշտոնը, որի միակ արդյունքովը կերակրում էի ինձ և իմ խեղճ մորը, ես թողել եմ նրան ձեր հույսով, ձեր բարերարության վրա վստահանալով. դուք չպիտի կամենաք