թշվառացնել մեզ, մենք աղքատ ենք, հավատացեք, մենք անպաշտպան ենք… — և այս խոսքերի հետ նա սկսավ դառնապես լալ:
—Իզուր եք լաց լինում բարեկամ, — մի փոքր մեղմությամբ պատասխանեց Տանպետյանցը, - ես ինչ որ հարկավորն էր արել եմ, խնդրել եմ, ստիպել եմ, մինչև անգամ աղաչել եմ։ Բայց երբ մարդիկ չեն կամենում զոռով խո նրանցից փող խլել չէի կարող։ Ավելի լավ է, դարձյալ դուք գնաք ձեր պաշտոնը խնդրեք, և միառժամանակ պարապեք նրանով, մինչև որ մենք տեսնենք, թե այս մեր ժլատ հայերի հետ ինչ ենք անում։
—Օ՜հ, այդ մի ասեք պարո՛ն, ես ավելի շուտ ինձ ջուրը կձգեմ…
—Ինչու՞ համար, — զարմացմամբ հարցրեց Տանպետյանցը:
—Այո՛, չեմ կարող. Գուստավը քանի՜-քանի՜ անգամ խնդրեց, որ ես իմ պաշտոնը չթողնեի, ես նրա խնդիրքը մերժեցի, այժմ ի՞նչ երեսով կարող եմ գնալ նորեն նրա մոտ:
Այդ երեխայություն է. ուրիշ ոչինչ:
— Ո՛չ պարո՛ն, ես իմ խոսքի տերն եմ, թեպետ աղքատ։
— Էհ, ուրեմն, ազատ եք, արեք ինչ ուզում եք. ես սրանից ավելի ոչինչ չեմ կարող անել ձեզ համար:
Գևորգը մնաց շվարծ, և չգիտեր ի՞նչ ասեր:
— Շնորհեցեք ինձ այն ստորագրության թուղթը,— խոսեց նա վերջապես,— գուցե ես կկարողանամ մի բան ստանալ ստորագրող պարոններից:
— Բոլորովին իզուր կաշխատեք, ես՝ ումնից որ պահանջել էր՝ պահանջեցի. դուք ինձանով ավելի ազդել չեք կարող:
Այսուամենայնիվ,— ավելացրեց նա, — ես ձեզ կտամ մի տասը մարդկանց անունները, նրանք ամենից հուսալի անձիքներն են, փորձեք, դիմեցեք նրանց, գուցե ձեզ կհաջողվի մի բան ստանալ:
Եվ նա յուր հիշողության տետրեկը հանալով գրեց մի թղթի վերա ա՛յն անունները, որը ստորագրության պատռտած թերթից հանել էր, տվավ Գևորգին: Այնտեղ Սոմարյանցի անունն էլ կար յուր 500 ռուբլի հետ միասին: Գևորգն