Էջ:Muratsan, vol. 1.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ մեծ հեղինակություն ուներ կարանոցի մեջ, իբրև ամենից ավելի հառաջադեմ և լավ կարող աղջիկ: Այդ երկուսին էլ Հեղինեն յուր համար մշտական ընկերուհիներ ընտրեց: Նրանք երեքն էլ միմյանց չափից դուրս սիրում էին, սեղանի վրա միշտ միասին էին նստում, մեծ գործերը միասին կարում և ազատ ժամանակները միասին զբոսնում: Հենց այսօր էլ այգու մեջ դրանք երեքը միասին էին ման գալիս: Բայց ինչպես ասացինք, «Ազնվական» ծառուղիի մեջ զբոսնողների ուշադրությունը միայն Հեղինեն էր գրաված:

Երկու երիտասարդներ, որոնցից մեկն ավելի աչքի էր ընկնում յուր դեմքի և կազմվածքի գեղեցկությամբ և հագնված էր խիստ նուրբ ճակատով, ուշի ուշով հետևում էին տիկին Բերնարի կարողուհիներին։ Յուրաքանչուր անցուդարձի մեջ նրանք մի քանի անգամ պտույտ էին գալիս երեք աղջիկները դեմ առ դեմ պատահելու համար․ և նրանց հանդիպած ժամանակ խոր ուշադրությամբ սևեռում էին իրենց աչքերը Հեղինեի վրա, որն ամոթից իսկույն շառագունում էր։ Ամբողջ զբսանքի ժամանակ մի րոպե անգամ նրանք չհեռացան այդ աղջիկներից։ Նինոն և Շուշանը գիտեին, որ երկու երիտասարդների դեգերանքը Հեղինեի համար էր, սակայն նրանք ոչ միայն չէին նախանձում նրան, այլև այդ առիթով նրան հետ կատակներ էին անում։

— Ելենան, այս երիտասարդները շատ են գրավվել քեզմով, նրանցից մեկը անպաճառ քեզ ուզելու է,— ասում էր նրան Շուշանը ծիծաղելով։

— Ինչո՞ւ համար ես կարծում, որ ինձմով են գրավվել և ոչ թե քեզմով կամ Նինոյով, — պատասխանեց Ելենան շառագունելով։

— Ի՞նչ հարկ այդ հարցնելու, որոհետև դու ավելի գեղեցիկ ես, քան թե մենք երկուքս, — շտապավ կցեց Նինոն և գաղտուկ դիտեց Շուշանին։ Նրանք երկուսը միասին սկսան ծիծաղել։

— Ա՜խ, Նինոն, ես չե՞, խնդրել, որ ինձ մոտ այդպես բաներ չխոսա՞ք,— նեղացած տրտնջաց Ելենան։

— Ի սեր ասծո, Ելենա՛, թողի՛ր այդ հիմարությունները։