Էջ:Muratsan, vol. 1.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մինչև ե՞րբ պետք է դու երեխա մնաս. Թիֆլիսո՞ւմ չես ապրում, ի՞նչ է,— կշտամբեց նրան Շուշանը։

— Քո արևը վկա՛, Շո՛ւշան, ես ձեր թիֆլիսեցիների պես չեմ սիրում տղաների վրա խոսելը, ի՞նչ անեմ, մի բան, որ ինձ դուր չէ գալիս, խո զոռով չպիտի՞ սիրեմ։ Ես սովոր չեմ այդ տեսակ խոսք ու զրույցների։

— Լավ, լավ. տեսնենք մինչև ե՞րբ այդպես խելոք կմնաս, — պատասխանեց նրան Շուշանը և լռեց։

— Բայց իրավ, Ելենա՛, տե՛ս ի՞նչ գեղեցիկ տղա է այդ երիտասարդը,— կրկին դիմեց նրան Նինոն ծիծաղելով, երբ երկու երիտասարդները դեմ առ դեմ հանդիպեցին նրանց։

— Ա՜խ, Նինո, դու բոլորովին զայրացնում ես ինձ,— բարկացած պատասխանեց նրան Ելենան ու ուղղվեցավ դեպի զառիվայր ճեմելիքը տուն վերադառնալու դիտավորությամբ։

Նինոն և Շուշանը քրքջալով հետևեցին նրան։

Բայց մի քանի քայլ հազիվ էր փոխել Ելենան, որ գեղեցիկ երիտասարդը հեռվից յուր աչքովն ընկավ։ Նրանց հայացքները պատահեցին միմյանց և մի քանի րոպե դեպի իրար սևեռած մնացին։ Ելենան տեսավ, որ երիտասարդն իրոք շատ գեղեցիկ էր, Նինոն իրավունք ուներ նրանով հետաքրքրվելու։ Բայց նա շատ երկար չնայեց նրան, այլ աչքերը դարձնելով շարունակեց յուր ճանապարհը։

Յուր ընկերուհիները երկու հայացքների միմյանց պատահելը չնկատեցին։

Երկու երիտասարդները նույնպես ուղղվեցան դեպի զառիվայր ծառուղին։ Նրանք հետևում էին երեք ընկերուհիներին։

— Սամվել, մի՞թե դու չես ճանաչում այս աղջկանը,— հարցնում էր գեղեցիկ երիտասարդին յուր ընկեր Մարգարը։

— Չեմ ճանաչում, մինչև այսօր էլ տեսած չեմ։

— Զարմանք, ի՛նչ է շինում ուրեմն քո Սալոմեն, եթե այսպիսի թռչունները քեզանից անհայտ կարող են ապրել Թիֆլիսում։

— Ի՞նչ զարմանք, նա խո ամբողջ քաղաքը չի ճանաչում:

— Չէ, բարեկամ, չէ. ես չեմ հավատում, թե դու այս