Թիֆլիսի գլխավոր փողոցներում դեռ մեծ կենդանություն է տիրում, այս թաղի մեջ լռությունը կատարյալ էր. միայն թե այս ու այն բակում շների աննպատակ հաչոցը մերթ ընդ մերթ ընդհատում էր նրան։
Զառիվայրի կրծքին կպած տներից մեկի նեղ բակում այս միջոցին անց ու դարձ էր անում մի սև ստվեր, նա երբեմն գալիս հասնում էր յուր բակի շարունակությունը կազմող հարևան տան կտուրի ծայրը և երկար արձանացած կանգնում էր այնտեղ, և երբեմն անցուդարձ անելուց հոգնելով նստում էր կտուրի ճակատին։ Իրենից մի փոքր հեռու, երկու փոքրիկ պատուհաններում երևում էր ճրագի նվազ լույս, դա ստվերի կացարանն էր։ Գիշերվա այս խավար ժամին ամենափորձ խուզարկուն անգամ չէր կարող գտնել այդ խորհրդավոր բարձրության ճանապարհը:
Մի ընդարձակ և ուղղաձիգ փողոց, որի վրա անընդհատ անցուդարձ էին անում կառքերը, կազմում էր զառիվայր թաղի ստորոտը։ Մեզ ծանոթ ստվերի դեմքը միշտ ուղղված էր լինում դեպի այդ կողմը։ Հանկարծ փողոցի ծայրում երևաց կարմիր լապտերներով մի կառք։ Ստվերը, որ նստած էր կտուրի ճակատին, իսկույն բարձրացավ տեղից և մի քանի արագ քայլեր փոխելով դեպի ներքև, անհայտացավ խավարի մեջ։ Կարմիր լապտերներով կառքը խուլ դղրդյունով, ինչպես այդ հատուկ է հարուստների սեփական կառքերին, առաջանում էր դեպի զառիվայրի թաղը։ Հասնելով այն բարձրության հանդեպը, ուր անցուդարձ էր անում ստվերը, նա կանգնեց։
Կառքի միջից դուրս եկավ մի բարձրահասակ երիտասարդ ծածկված վերարկուի մեջ և հապճեպ քայլերով ուղղվեցավ դեպի զառիվայրը հանող ճանապարհը։ Բայց նա հարյուր քայլ դեռ չէր հեռացել, երբ նրան հանդիպեց մի սևազգեստ կին. սա մեզ ծանոթ ստվերն էր։ Երիտասարդը ողջունեց նրան առանց ձեռք պարզելու։ Երևում էր, որ կինը նույնպես անկեղծությամբ է վերաբերվում դեպի նրան, որովհետև խոնարհ գլուխ իջեցնելով միայն պատասխանեց երիտասարդի ողջույնին։
— Ի՞նչ պատահեց քեզ, որդի, էս քանի՜ օր է էլ քո