Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երգվում էին նրա ներկայությամբ և ամենաթանկագին գինիներով խմում էին նրա կենացը։

Ինչպես պատմում են՝ լոգարանը(вanna) շամպանիայով լցնելը, նրա մեջ լողանալը և յուր մարմինը լվացած շամպանիայով երկրպագուներին արբեցնելը՝ առաջին անգամ Կովկաս մտցրեց տիկին Բերնարը։ Քեֆերի ժամանակ նրա երկրպագուներից շատերը բաժակի փոխարեն նրա ոտնամաններով էին գինի խմում: Նա ինքը մի օր գրել է Նիցցայում ապրող յուր մի բարեկամուհուն հետևյալը.

— «Իզուր են կարծում թե Կովկասում վայրենիներ են ապրում: Թիֆլիսը ճաշակի զարգացման կողմից ոչնչով ետ չի մնում եվրոպական նշանավոր քաղաքներից: Չի պիտի զարմանք եթե ասեմ, թե այստեղի ապրել գիտցող երիտասարդությունը տասը տարվա ընթացքում ինձ համար զոհել է հինգ միլիոն ֆրանկից ավելի: Եվ թեպետ այդ բոլորը գործադրվել է միմիայն մեր բարեկամական շրջանի կյանքը մասամբ քաղցրացնելու համար, այսուամենայնիվ հենց այդ բարեկամաց շնորհիվ ես այսօր մի ապահովված դրություն ունիմ…»:

Այո՛, տիկին Բերնարը մի օր Թիֆլիսի երիտասարդության աստվածուհին էր. բայց չէ՞ որ քսանհինգ տարին մի շատ երկար ժամանակ է: Իսկ ժամանակը, որ կոթողները մաշում է և կամարները կործանում, պետք է յուր դրոշմը դներ տիկին Բերնարի գեղեցիկ դեմքին և խորշոմներով ծածկեր նրան… Այդ շատ անախորժ բան է, որ հարմարվում է ժամանակի հետ:

Ահա՛ թե ինչո՞ւ այսօր տիկին Բերնարը կարանոց էր պահում և այժմ էլ այդ ճանապարհով է փող վաստակում:

Դառնանք այժմ մեր պատմության:

Տիկին Բերնարը շարունակում էր յուր լուռ անցուդարձը կարանոցի մեջ. երբեմն-երբեմն էլ խոնարհվելով դեպի այս ու այն կարողը դիտում էր նրա գործը և զանազան նկատողություններ անում: Կարողուհիներից ոչ ոք գրեթե ոչինչ չէր խոսում, բացի այն ժամանակ, երբ հարկավոր էր մի բան հարցնել տիկնոջից: