Այս միջոցին Բերնարի աղախինը մտավ կարանոցը և հայտնեց տիկնոջը, որ մի հայ կին ուզում է իրեն տեսնել։ Տիկին Բերնարը դուրս գնաց։ Կարողուհիներն սկսան իրենց խոսք ու զրույցը։
Մի րոպեի մեջ կարանոցը նմանվեցավ դպրոցի այն դասատուններից մեկին, որի վարժապետը բացակա է։
Ամեն անկյունից այժմ լսվում էին հարց ու պատասխաններ, ծիծաղ, քրքիջ և երբեմն էլ կանացի փոքրիկ հայհոյանքներ, անեծքներ։
Կարանոցի աջ անկյունի մոտ գտնվող մեծ պատուհանի առաջ դարձյալ միասին նստած էին մեր նախածանոթ երեք կարողուհիները՝ Ելենան, Նինոն և Շուշանը և փոքրիկ զրուցատրությամբ կարում էին իրենց գործը։ Նրանց խոսակցության առարկան դարձյալ երեկվա գեղեցիկ երիտասարդն էր։
— Լավ, Ելենա, եթե այն տղի աչքը քեզ վրա չէր, ինչո՞ւ համար մեր ետքից մտավ այստեղ և շապիկներ պատվիրեց,— կամացուկ խոսում էր Շուշանը։
— Զարմանալի բան ես հարցնում․ այդ մարդուն շապիկներ էին հարկավոր և եկավ պատվիրեց, ինչո՞ւ անպատճառ իմ պատճառով պիտի լիներ։ Եվ վերջապես մի՞թե ես միայնակ եմ այստեղ և ուրիշ աղջիկներ չկա՞ն, որ նրանց պատճառով լիներ։
— Ուրիշ աղջիկներ էլ կան, տեսա՞ր, որ նա միայն քեզ մոտեցավ և քեզ հետ խոսեց։
—Ձեզ հետ էլ խոսեց։
— Ո՛չ, մեզ հետ միայն քո պատճառով խոսեց։
—Դուք էլի՞ սկսեցիք վիճել, — մեջ մտավ Նինոն։
—Ի՞նչ անեմ, չե՞ս տեսնում, Շուշանը ուզում է անպատճառ հաստատել, որ այդ երիտասարդն ինձ ուզում է, կես բարկությամբ հարեց Ելենան, — չեմ իմանում ի՞նչն է ստիպում նրան միշտ այդ առարկայի վերա խոսել։
— է՜հ, լավ, Ելենա, ճշմարիտն ասա, եթե այդ տղան քեզ ուզելու լինի, չե՞ս գնալ, — հարցրեց Նինոն։
Ելենան ոչինչ չպատասխանեց։
— Քեզ հետ չե՞մ, ինչու՞ չես պատասխանում, — կրկին խոսեց Նինոն և կարը թողնելով սևեռեց աչքերը Ելենայի վրա։