Էջ:Muratsan, vol. 1.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Իմ գլխի տերը ես չեմ, որ գնամ կամ չգնամ, այդ իմ ծնողների գործն է,— պատասխանեց նա։

— Իսկ եթե նրանք համաձայնվելու լինեն, կերթա՞ս։

— Ինչու չէ, — կամացուկ պատասխանեց Ելենան և ժպտաց:

— Ա՜, ուրեմն դու սկսել ես նրան սիրել:

— Այնպես երիտասարդին ո՞վ չի սիրիլ,— նկատեց Շուշանը:

—Ճշմարի՞տ չէ, սկսել ես սիրել,— կրկին հարցրեց Նինոն։

— Այո՛, այո՛, սկսել եմ սիրել,— իբր թե բարկացած պատասխանեց Ելենան, բայց նրա հանկարծակի շառագունիլը հայտնի ապացուցանում էր, որ օրիորդն անտարբեր չէր դեպի գեղեցիկ երիտասարդը։

Համեստությունը, որ այնքան զորեղ կերպով կապանքներ է դնում պարկեշտ աղջկա բերանին, միշտ անզոր է գտնվել նրա սիրտը շղթայելու համար։ Իզուր միամիտ խնամակալները սրտի անմեղությունը չափում են նրա բերանի լռությամբ։ Այդ լռությունը շատ անգամ ավելի է խոսում, քան լեզուն, որ նրան հնազանդվում է. միայն ցավալին այն է, որ շատ քչերն են ըմբռնում լռության խոսքը։ Ելենան, չնայելով յուր լռակեցությանը, ճշմարիտ, որ սկսել էր սիրել գեղեցիկ երիտասարդին։ Առաջին անգամից իսկ, երբ այգու մեջ նրա հայացքը հանդիպեցավ երիտասարդի հայացքին և նրանից հեռացավ, մի անծանոթ անհանգստություն պղտորեց նրա սիրտը, ի՞նչ զգացում էր այդ, նա չգիտեր, բայց կցանկանար, որ այդ հայացքը կրկին պատահեր իրեն, միայն այնպես, որ ուրիշները չնկատեին, որ նույնիսկ երիտասարդն այդ չհասկանար։ Հենց այդ րոպեից սկսած նա անուշադիր էր յուր ընկերուհիների խոսակցության, և միայն այն ժամանակն էր մտադրությամբ լսում նրանց, երբ խոսքը դառնում էր գեղեցիկ երիտասարդի վրա։

Երեկ իսկ, երբ նա մտավ կարանոցը շապիկներ պատվիրելու համար, և մոտեցավ իրեն հետ խոսելու, Ելենան սաստիկ շառագունեցավ, նրա սիրտն սկսեց անհանգստությամբ