Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդունարանում: Առաստաղից կախված թանկագին ջահը յուր հինգ փառավոր կանթեղներով աչք կուրացնելու չափ լուսավորում էր սենյակը: Ամեն կողմը փայլում էր հարստություն և ճոխություն: Իսկ երիտասարդ տանուտերը՝ յուր բարեկազմ հասակով, գեղեցիկ դեմքով և գանգրահեր ճակատով լրացնում էր այդ սենյակի զարդարանքը:

Բայց նրա քայլվածքն անհանգիստ էր: Նա անհամբերությամբ սպասում էր մեկին և ստեպ-ստեպ ժամացույցը հանելով նայում էր նրան: Փողոցի մեջ անցնող յուրաքանչյուր կառքի դղրդյունը նրա սիրտը թունդ էր հանում. նա ականջը կախում էր դեպի այդ ձայնը և հուսով սպանում, որ ահա՛ մի, կամ երկու րոպեից այդ կառքը կկանգի յուր տան առաջ. բայց դղրդյունը շարունակվում էր, կառքն անցնում էր և նա հուսահատաբար կրկին առաջ էր շարժում յուր քայլերը: Վերջապես մյուս սենյակում պատի ժամացույցը զարկեց ութ և կեսը. Սամվելը չէր հավատում նրան. հանեց իսկույն և յուրը, նայեց, սխալ չկար: Նա համբերությունից դուրս եկավ և վազելով դեպի դուռը, հենց կամենում էր ծառային կանչել, և ահա գլխավոր դռան հնչակը ամուր - ամուր քաշեցին: «Նա է. եկավ…», — շշնջաց ինքն իրեն Սամվելը և գնաց նստեց թավշապատ բազկաթոռի վրա և ձեռքն առնելով օրվան լրագիրը սկսեց մեքենայաբար կարդալ նրան:

Մի քանի րեպեից հետո ընդունարանի դուռը բացվեցավ և ներս մտավ Սալոմեն:

— Միայնա՞կ ես, ի՞նչ է, ո՞ւր է Ելենան… — անհամբերությամբ վեր թռավ բազկաթոռից Սամվելը և այս խոսքերով դիմեց Սալոմեին:

— Միանյակ չեմ, նա այստեղ նախասենյակում է, բայց ամաչում է գալ:

— Ի՞նչ հիմարություն, և դու թողել ես նրան այնտեղ միանյակ: — Այս ասելով Սամվելը դուրս թռավ նախասենյակ և տեսնելով Ելենային, որ կողովը ձեռքին կանգնած էր այստեղ, իսկույն բացականչեց՝ «Ա՜, բարյավ ձեզ, օրիորդ, ինչո՞ւ համար եք այդտեղ կանգնել. խնդրեմ ներս հրամայեցեք»: