Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ելենան ոչինչ չպատասխանեց, բայց երիտասարդին տեսնելով սաստիկ շառագունեց։

— Դուք դարձյալ կանգնո՞ւմ եք. բայց խնդրում եմ ձեզ։

— Ներս գալու ոչինչ կարիք չկա, պարոն, ես տիկին Բերնարի կողմից բերի այս շապիկները ձեզ ցույց տալու համար խնդրեմ նայեցեք և եթե մի որևէ պակասություն նշմարեք, ասացեք, որ ուղղենք։ — Այս ասելով նա վայր դրավ ձեռքի կողովը պատուհանի վրա։

—Խնդրեմ ներս բերեք, ես այնտեղ կնայեմ, — ասաց Սամվելը և ակնարկելով Սալոմեին, ինքը ներս մտավ։

Սալոմեն վերցրեց կողովը և Ելենայի ձեռքից բռնելով, գրեթե զոռով, ներս քաշեց նրան դեպի երիտասարդի ընդունարանը։

— Ասացեք խնդրեմ, ինչ կա քաշվելու, մի քանի րոպե նստեցեք այստեղ, իսկ ես կնայեմ շապիկները,— այս խոսքերով նա աթոռ առաջարկեց Ելենային։ Նրանք նստեցին։

Մի քանի վայրկյան Սամվելը տնտղեց շապիկները, նայեց աջ, ձախ և ապա «շատ լավ է, շատ գեղեցիկ է» ասելով. կանչեց աղախնին և հանձնեց նրան, միևնույն ժամանակ պատվիրելով թեյ բերել հյուրերի համար։

Իսկույն հայտնվեցավ գեղեցիկ և մաքուր հագնված ծառան և արծաթյա ափսեով թեյ առաջարկեց յուր տիրոջը և նրա հյուրերին, թեյի հետ էլ բերելով կաթ և շաքարահաց։

Ելենան դժվարանում էր մինչև անգամ այդ հասարակ հյուրասիրությունն ընդունելու, բայց Սամվելն այնքան շատ ստիպեց նրան, որ նա հակառակել չկարողացավ։

— Այժմ մենք կարող ենք գնալ, — ցած ձայնով շշնջաց Սալոմեի ականջում Ելենան յուր բաժակը դատարկելուց հետո և վեր կացավ աթոռից։

— Ո՛չ, դեռ ձեզ հետ մի փոքր խոսելիք ունիմ. օրիորդ, մի շտապեք,— նկատեց Սամվելը նույնպես տեղից բարձրանալով։

— Հրամայեցեք, ես լսում եմ,— համեստությամբ պատասխանեց Ելենան։

— Ես առանձին պետք է խոսեմ ձեզ հետ։