Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես ուղղակի դեպի Քուռը կվազեի և պիտի խեղդեի ինձ նրա մեջ․․․»

Այս և սրա նման գողտրիկ խոսքեր անընդհատ շռայլում էր նա յուր սիրուհու առաջ։ Ելենան, որ յուր ամբողջ կյանքում այսպիսի քնքուշ խոսքեր լսած չուներ, զմայլած նայում էր նրա, նա հափշտակվել էր, և բնավ չէր հիշում ոչ տիկին Բերնարի կարանոցը և ոչ յուր ծնողները։

—Իսկ դու, Ելենա, մի՞թե դու չես սիրում։

—Ե՜ս, ես էլ քեզ շատ եմ սիրում, շատ, շատ․․․— այսքանը միայն կարողացավ արտասանել անմեղ աղջիկը և շառագունելով գլուխը կախեց ցած:

—Օ՜, քեզ կարելի է միայն պաշտել, — բացականչեց երիտասարդը և յուր հափշտակության մեջ ամուր գրկելով նրան, համբուրեց նրա շրթունքները:

Այդ համբույրից Ելենան ցնցվեցավ ամբողջ մարմնով և խլվելով երիտասարդի գրկից շառագունված ետ քաշվեցավ:

—Ա՜խ, ի՞նչ անում դուք, —շշնջաց նա հազիվ լսելի ձայնով և ապա տեղից վեր բարձրանալով՝ «Ես պիտի գնամ, ուշանում եմ»,—ասաց նա և ուղղվեցավ դեպի դուռը։

—Ոչ, սիրելիս, ես քեզ այդպես շուտ չեմ թողնիլ, — խոսեց Սանվելը նույնպես տեղից վեր բարձրանալով և Ելենայի ձեռքից բռնելով,— դու դեռ ինձ մոտ պիտի ընթրես. մենք դեռ մի քանի ժամ էլ միասին կանցկացնենք, և հետո կերթաս։

—Ո՛չ խնդրում եմ, ինձ բաց թողոցեք, ես կամենում եմ գնալ։

—Այդ անկարելի է, Ելենա, դու պիտի մնաս, ես խնդրում եմ։ Եվ մի՞թե դու կկամենայիր իմ խնդիրը մերժել։

—Բայց տիկին Բերնարը․․․ ա՜խ, նա ինձ կսպասե․․․ գիտե՞ք, մեր այնտեղի աղջիկները շատ վատ աղջիկներ են, նրանք հազար մի բաներ գիտեն կխոսեն․․․

—Ո՛չինչ, ո՛ինչ, հոգյակս, նրանք ովք՞եր են, որ դու նրացը խոսելու վրա ուշադրություն ես դարձնում․ մի շաբաթից հետո մենք պսակված կլինենք, դու ամենից հարուստ մարդու ամուսինը կդառնաս և նրանք հեռվից միայն մտիկ կտան քեզ վերա և չեն համարձակվիլ անգամ քեզ բարևել։