Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուրեմն ես դրսումը կսպասեմ, — ասաց Սալոմեն և արագ դուրս գնաց սենյակից։

— Սպասի՛ր, ո՞ւր ես գնում — բացականչեց Ելենան Սալոմեի ետևից և պատրաստվեցավ ինքը ևս դուրս գնալու:

— Դուք ո՞ւր եք գնում, օրիորդ, սպասեցեք, ես ձեզ հետ շատ կարևոր խոսելիք ունեմ,— այս ասելով բռնեց երիտասարդը Ելենայի ձեռքից և զոռով նստեցրեց թավշապատ դիվանի վրա։

— Ասացեք խնդրեմ, ինչ որ կամենում եք. ես շատ ուշանալ չեմ կարող, տիկին Բերնարն ինձ սպասում է։

— Ես ձեզ չեմ ուշացնիլ. բնավ մի անհանգստանաք, — միամտացրեց նրան Սամվելը և սկսավ յուր «կարևոր խոսելիքը»:

Ի՞նչ էր իսկապես նրա «կարևոր խոսելիքը», ես այդ մի առ մի չեմ կրկնիլ այստեղ՝ ձեզ չձանձրացնելու համար։ Այսքանը միայն կասեմ, որ դա շատ նման էր ա՛յն սիրալիր և սրտառուչ խոսակցության, որ տեղի է ունենում առաջին անգամ միայնության մեջ միմյանց պատահած երկու սիրող սրտերի, երկու միմյանց անկեղծ պաշտող հոգիների մեջ։

Սամվելր գեղեցիկ խոսելու ձիրք ուներ, նա գիտեր գրավել, գիտեր հրապուրել։ Նույնիսկ յուր մարմնական գեղեցկությունն օգնում էր նրան այդ բանում։ Նա ճանաչում էր յուր ուԺը, ճանաչում էր և գեղեցիկ սեռի թուլությունը։

Եվ ահա բոլոր այդ զենքերով նա զինվել էր տկար և անմեղ աղջկա դեմ, մի աղջկա, որ լռիկ, յուր սրտում, սիրում էր նրան։

Կկամենա՞ք լսել մի քանի կտոր երիտասարդի խոսակցությունից. ահա՛ նրանք' Օ՜, եթե գիտենաս, Ելենա, թե ինչպես սիրում ու պաշտում եմ քեզ... այն օրից, որ առաջին անգամ քեզ այգիում տեսի, ես այլևս հանգստություն չունեի, ես խելագարի նման թափառում էի փողոցներում, ամեն տեղ պտրում էի քեզ, ամեն տեղ որոնում էի քո հետքերը, քո քաղցր հայացքը, քո անուշ ձայնը... Առանց քեզ ես չեմ կամենում ապրել. առանց քեզ աշխարհը ինձ համար մութն է և կյանքը տանջանք... և եթե դու այսօր եկած չլինեիր ինձ մոտ,