Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Ո՞ւր ես գնում, ինձ էլ տար հետդ,— ճչաց Հռիփսիմեն նրա ետևից,— տար, ես չեմ կարող այստեղ մնալ. ես էլ եմ ուզում որոնել իմ Ելենային...

Շրջապատող կանայք շատ աշխատեցին պահել նրան, բայց հնար չեղավ. «Ես չեմ մնալ, ես կմեռնեմ...,» — շարունակ կրկնում էր խեղճ կինը: Բայց նա չկարողացավ մի քանի քայլ անգամ փոխել, նրա ծնկներում ուժ չէր մնացել: Վերջապես կառք բերել տվին և նրանով չորս հոգի ուղղվեցան դեպի ոստիկանատունը՝ Անտոնը, Հռիփսիմեն, Եղիսաբեթը և խառատ Օսեփը:

Բայց դեռ ճանապահի կեսը չանցած, Հռիփսիմեն կանգներեց կառքը և պահանջեց, որ գնան առաջ Բերնարի կարանոցը. «Գնանք այնտեղ, Ելենան այնտեղ է, ես գիտեմ...— խելագարի նման խոսում էր նա, — գնաք. ես ինքս ուզում եմ ստուգել ամեն բան...»:

Կառքը ուղղվեցավ դեպի Բերնարի կարանոցը:

ԿԻԿԻՆ ՏԻԿԻՆ ԲԵՐՆԱՐԻ ԿԱՐԱՆՈՑՈւՄ

Ժամը 12—ի մոտ էր. տիկին Բերնարը վաղուց արդեն հանգվել պատրաստվել էր: Այժմ նա հենված փափուկ բազկաթոռին՝ լրագիր էր կարդում, իսկ առջևը գտնվող կլորիկ սեղանի վերա դրված էր կաթով սուրճ և պաքսիմատ: Նրա դեմքը ոչինչ անհանգստություն չէր արտահայտում. նա նույնն էր, ինչ որ երեկ կամ անցյալ օրը: Յուր ամբողջ ընթերցանության ժամանակ նրա ճակատի կնճիռները միահավասար և անշարժ դրություն էին պահպանում. ամենահետաքրքիր գրվածքն անգամ նրա ուշադրությունը չէր լարում, ամենասրտաշարժ նկարագիրն անգամ նա կարդում էր անտարբերությամբ: Տիկինի Բերնարը նմանում էր ա՛յն անձիքներից մինին, որ անցնելով աշխարհային կյանքի ամենաքաղցր և ամենադառն փորձերից, կանգնել է գործնական հողի վերա և յուր բոլոր առած դասերով հասել ա՛յն թշվառ եզրակացության, որ զգալը և կարեկցիլը առաջնորդում են մարդուն միմիայն դեպի թշառություն, մինչդեռ