Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ակնարկություններն ինձ համար անտանելի են. և ես կկամենայի, որ իմ կարանոցը օր առաջ ազատ լիներ մի զրպարտողից. դուք կարող եք մինչև անգամ արատավորել նրա անունը։

Հեղինեն մնաց ընդարմացած. այս նրա սրտին կայծակի հարված իջեցրեց, և նա առաջին անգամ զգաց պատվի կործանման ծանրությունը...

Բայց տիկին Բերնարի այս տեսակ անողոք վարմունքն ուներ իր բնական պատճառները։ Զգալով յուր գործած հանցանքի մեծությունը, նա աշխատում էր Ելենայի ամենափոքր ակնարկություններն անգամ, որոնք վերաբերում էին իրեն, պատմել սպառնալիքներով և նրա ամոթխած ու երկչոտ բնավորությունն այս ճանապարհով բռնաբարելուց ետ, չքացնել միանգամայն յուր անձին սպառնացող վտանգները։ Եվ նա յուր հաշվի մեջ չէր սխալվում։ Ելենան այժմ մի ծծկեր երեխայից է՛լ ավելի անզոր էր դարձել, ամեն մի ծանր խոսք նրան շփոթում էր. և տիկին Բերնարը վտանգներից իրեն ապահովեցնելու համար կարող էր անել նրա հետ ինչ որ կամենար:

— Դուք պետք է գնաք ձեր ծնողաց մոտ,— խոսեց նա կրկին, երբ տեսավ, թե Ելենայի լռությունը շարունակվում է, — գոնե ձեր տան մեջ դուք պաշտպանված կլինիք, մինչ դեռ այստեղ մեր աղջիկները ձեզ շատ նեղություն կպատճառեն. ձեր վարմունքն առիթ կտա նրանց ձեզ ծաղրելու, իսկ ես չեմ կարող միշտ զսպել նրանց։

Այս նոր հարվածի վերա Ելենան ամբողջ մարմնով դողգողաց. նա ըմբռնեց տիկնոջ խոսքերի բոլոր ճշմարտությունը... Եվ իրավ, չէ որ նա այժմ մի անպատված աղջիկ էր և նրան ամեն մարդ կարող էր և իրավունք ուներ ծաղրել... Այո՛, ամեն մարդ, մինչև անգամ փողոցի կանայք...

— Շնորհակալ եմ, տիկին. դուք ինձ լավ խորհուրդ եք տալիս,— վերջապես խոսեց Ելենան նվազած ձայնով,— ես կերթամ, կհեռանամ այս տեղից, միայն մինչև երեկո թույյ պիտի տաք մնալ այստեղ, ես օրը ցերեկով չեմ կամենում ոչ ոքի երևալ:

23—Մուրացան, հատոր I