Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Շատ լավ, ինչպես կամենում եք, – ասաց տիկին Բերնարը և դուրս գնաց սենյակից։

Ելենան մնաց միայնակ․ նա գլուխը կախեց և ընկղմվեցավ տխուր մտածմունքների և հոգեկան տանջանաց անհատակ ծովի մեջ:

— Այո՛, ես մի անպատված աղջիկ եմ, և տիկին Բերնարն իրավունք ունի ինձ յուր կարանոցից արտաքսելու. ես կարող եմ արատավորել նրա անունը… նա մինչև անգամ ինձ խղճում է, նա չէ կամենում, որ յուր աղջիկները ծաղրեն ինձ… Աստված իմ, աստված իմ, և մի՞թե ես անարգության մինչև այս աստիճանը պետք է հասնեի, մի՞թե ես այնքան պիտի ստորանայի, որ տիկին Բերնարի կարողներն անգամ ծաղրեին ինձ: Եվ տիկին Բերնարը, որ թշվառության այս արկածը յուր ձեռքով իմ գլխի վերա փաթաթեց, չէ կամենում մի օր անգամ պատսպարել ինձ յուր տան մեջ. նա վախենում է հասարակության բերանից, նա պատվավոր կին է… Իսկ ես ո՞ւր գնամ, աստված իմ, ո՞ւմ դիմեմ, մի՞թե իմ ծնողաց մոտ. բայց ի՞նչ երեսով, ինչու՞ համար. որպեսզի նրանց էլ ընկեր հարևանի մոտ ծաղրի և խայտառակության առարկա շինե՞մ… խեղճ իմ բարի ծնողներ. և դուք երբեք չէիք կարծիլ, թե ձեր Ելենան, ձեր համեստ և ամոթխած աղջիկը, որին այնքան փայփայում, սիրում և պաշտում էիք, մի օր պիտի կորցներ ձեր և միակ և թանկագին հարստությունը՝ ձեր անարատ անունը և պատիվը… Օ՜հ ո՛չ, ես չեմ ապրիլ, որ ձեզ անպատվություն բերեմ. ես կմեռնեմ. ավելի լավ է ինձ կորցնեք, քան թե ձեր բարի անունը…

Այս խոսքերից ետ նա վեր կացավ տեղից և սկսեց հուզված անցուդարձ անել սենյակի մեջ: Հանկարծ մի լուսավոր միտք ծագեց նրա գլխում և նրա երեսը փայլեց մի անսովոր ուրախությամբ:

— Ինչո՞ւ համար այս աստիճան ես կորցրել եմ ինձ,— բացականչեց նա,— ինչո՞ւ համար սպանեմ ինձ, մի՞թե ես այլևս պաշտպան չունեմ. իսկ իմ Սամվե՞լը, ինչո՞ւ համար ես մոռացել եմ նրան, չէ՞ որ նա ինձ սիրում է. չէ՞ որ նա իմ նշանածն է: Այո՛, ես կերթամ նրա մոտ, նա ինձ կպաշտպանե. նա չի թողնիլ, որ ուրիշները ծաղրեն յուր Ելենային…