ինձ տեսնել, այս տիկնոջ հետ կարևոր գործ ունեմ, դուք ինձ կխանգարեք, — շտապով ընդհատեց նրան երիտասարդը:
—Բայց ես կարոտ եմ քո օգնությանը, ես տանջվում եմ, ի սեր աստծո, մի քանի րոպե լսի՛ր ինձ...
—Ո՞վ է այդ աղջիկը, ի՞նչ է ասում, — բարեհաճեց հետաքրքրվել գեղեցիկ տիկինը:
—Մեր աղքատ հարևանուհիներից մինն է. օգնություն է խնդրում, չգիտեմ ո՞ւմ համար, նա մի փոքր խելագար է, — պատասխանեց նրան երիտասարդը տիկնոջ մայրենի լեզվով և ապա Ելենային դառնալով — «Գնացեք, հեռացեք, — ասաց նա մի փոքր այլայլված, — դուք ինձ ամաչացնում եք այս բարձրաստիճան տիկնոջ մոտ. գնացեք, վաղը կարող եք գալ»:
Գնա՞մ, բայց ո՞ւմ մոտ գնամ, — դողացող ձայնով խոսեց Ելենան, — ինձ ամեն տեղից արտաքսում են, ես ձեզ մոտ եմ եկել. դուք եք իմ միակ հույսը, իմ ապավենը, գթացեք ինձ վերա, աղաչում եմ. գթացեք ինձ վերա, Սամվել, դուք ինձ սիրում եք, դուք այդ ինձ ասել եք:
Երիտասարդը տեսնելով, որ գործը ծանր կերպարանք է առնում, ընդհատեց Ելենային և ծառային կանչելով բարկությամբ հրամայեց.
Դուրս տար այս աղջկան, ես քեզ կանխավ պատվիրեցի, որ ոչ ոքին չթողնես:
—Ես չէի.. ես չթողեցի... — կակազեց ծառան և մոտեցավ Ելենային:
—Հեռու ինձանից, — կանչեց նա դեպի ծառան, — չհանդգնես քայլ անգամ փոխել. — և ապա դառնալով Սամվելին, զայրացած շարունակեց. — պարո՛ն, դուք է՞լ եք արտաքսում ինձ ձեր տանից. դուք, որ այնքան բարի և ազնիվ էիք երևում իմ աչքում, դո՞ւք, որ նենգությամբ մոտեցաք ինձ ամուսնություն խոստացաք և իմ անմեղությունից օգտվելով, իմ միակ հարստությունը, իմ միակ պատիվը գողացաք... պարո՛ն, դուք ցած և ստոր մարդ եք. դուք անբախտացրիք ինձ և ինձմով իմ խեղճ և աղքատ ընտանիքը. դուք մարդկանց