Էջ:Muratsan, vol. 1.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր նա, — որ քանի կենդանի եմ, նրան հալածելուց չի պիտի դադարեմ. և եթե հարկ լինի այդ բանի համար աքսոր անգամ գնալ, այսուամենայնիվ ես իմ վճռից չեմ դառնալ և երբեք նրա հետ չեմ հաշտվիլ:

Եվ իրոք երկար ժամանակ նա հաստատ մնաց յուր անգութ վճռի մեջ:

Ընթերցողը մի դժվարալուծ հանելուկի նման հակասություն կնշմարե իմ պատմածների մեջ: Ես առաջ ասացի, որ Սերգոն հայտնի էր յուր սրտի բարությամբ, որ նա յուր կյանքում յուր ընկերներից ոչ ոքին վիրավորված չէր և այլն, և այլն. բայց այսօր ի՞նչ է պատճառը, որ մի ամենաչնչին դեպք նրա սրտի մեջ այնպիսի մի դժոխք է վառել, որին հանգցնել չեն կարողանում ոչ յուր ծնողը, ոչ ոստիկանությունը, ոչ խոստովանահայր քահանան և ոչ յուր սրտին և հոգվույն սիրելի համփսոնները:

Պատճառը հենց նա է, որ մարդկային սրտի և զգացմունքների հետ ըստ հաճոյից խաղալ անհնարին է. նրանց չէ կարելի հրամայել, որ ատեն: Սիրտը ինքն է ընտրում յուր պաշտելին և ինքն է կործանում նրան:

Շատ անգամ ամենաչնչին համարված դեպքերը նրա փոքրիկ թագավորության մեջ այնպիսի հեղափոխություն են հարուցանում, որ ծանոթ մարդիկը և բարեկամները իրենց կողմնացույցը կորցնում են — հին բարեկամին ճանաչելու համար: Երբեք անբնական չէ, որ բնության ամենակատարյալ հրաշակերտը — մարդկային սիրտը, նույնիսկ մարդկության համար շատ մի անբացատրելի գաղտնիքներ է պարունակում յուր մեջ. ահա՛ հենց այդ գաղտնիքներից մինն էր, որ Սերգոյի սիրտը չարության գործարան էր դարձել, և յուր ծանոթներին շվարացրել. և դուք կտեսնեք որ, մի օր էլ այդ գատնիքներից մինը, մի նոր և հաճոյական կերպարանափոխություն կստեղծե նրա մեջ: