Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող ես, ինքդ մեզ տուր, և այնուհետև մենք կհետևենք քեզ,— ասաց Վարդուհին և անհոգությամբ ծիծաղեց:

—Իզուր ես ծիծաղում, սիրելիս, այս հարցի մասին ես շատ լրջությամբ եմ խոսում, — նկատեց օրիորդ Աննան, — իմ հայտնած մտքերը վաղուց է, որ զբաղեցնում են ինձ, և առանց քո ասելուն էլ ես հաստատապես վճռել եմ իմ մեջ այսպիսի մի օրինակ տալ ձեզ:

—ԵՎ դու այդքան հաստատակամություն կունենա՞ս:

—Դու այդ կտեսնես…

Դեռ երկու օրիորդները իրենց խոսակցությունը չէին վերջացել, երբ տան ծառան ներս մտավ և հայտնեց յուր տիրուհուն մի անծանոթ պարոնի գալուստը:

—Հրավիրեցեք,— հրամայեց օրիորդը և ուղղվեցավ յուր բազկաթոռի մեջ:

Երկու րոպեից ետ ներս մտավ Տիրան Մարությանը և մայրաքաղաքում ընդունված քաղաքավար ձևերով ծանոթացավ տիրուհի օրիորդի և նրա ընկերուհու հետ:

—Գուցե դուք ինձ չէիք սպասում, օրիորդ,— սկսավ խոսել պարոն Մարությանը,— բայց ես ա՛յնքան սիրեցի ձեր ծնողաց առաջարկությունը, որ մի ժամ առաջ ձեր տան հետ ծանոթանալս ինձ համար մեծ բախտ եմ համարում:

—Ընդհակառակը, իմ հորեղբայրն այնքան գովությամբ էր խոսում ձեր հայագիտության մասին, որ ես մի օր առաջ էի ցանկանում ձեզ աշակերտել: Շատ ուրախ եմ, որ բարեհաճել եք այդպես շուտ մեզ այցելելու:

Այցելող երիտասարդը հայերենի ուսուցիչ էր հրավիրված օրիորդ Աննայի համար: Այո՛, բանն, իհարկե, շատ օտարոտի չպետք է երևա ձեզ, որովհետև այդ ժամանակները հայոց թատրոնի շնորհիվ հայերեն սովորելը haute nouveaute էր համարվում մեր արիստոկրատ ընտանիքների մեջ: Հայ աղջիկները բարեհաճում էին հայերեն սովորել…

—Տասը տարի առաջ, երբ ես իմ հայրենիքից եկա այստեղ,— շարունակեց պարոն Մարությանը,— Թիֆլիսը շատ վատ ազդեցություն արավ ինձ վերա: Ուր որ գնում, ուր որ հանդիպում էի, ամեն տեղ հայերը օտար լեզվով էին խոսում. մի—մի հայերեն խոսք միայն կինոտոներից կամ բախալներից

25— Մուրացան, հատոր I