կատարյալ չէ: Դուք կամ չպիտի ապրիք այդ ընտանիքում, որհեթանոս է, կամ եթե ապրում եք այդ հեթանոսներին էլ պիտի աշխատեք առաջնորդել դեպի փրկության ճանապարհը: Ես գիտեմ, ինչպես ասեցի կհանդիպեք դժվարությունների, դուք կբազմացնեք ձեր թշնամիները, կգրգռեք ձեր դեմ ձեր բարեկամների ատելությունը, ազգականների արհամարհանքը, դուք կհարուցանեք ձեր ընտանյաց մեջ խռովություն, անհամաձայնություն և շատ անգամ կռիվ: Բայց այս բոլորը ձեզ չպետք է վհատեցնեն: Դուք չպետք է կորցնենք ձեր արիությունը, այլ միմիայն անձանձիր աշխատեք: Մի օր դուք ուրախությամբ կտեսնեք, որ վերջապես հասաք ձեր սուրբ և վսեմ նպատակին: Մի օր դուք հպարտությամբ կտեսնեք, որ ձեզանից յուրաքանչյուրը մի-մի ընտանիք և այնուհետև մի ամբողջ սերունդ հեթանոսությունից դարձնելու պատճառ եղաք, և այն ժամանակ ձեր հոգիները համարձակ կդիմեն դեպի նրան, որ կանչում է. «Եկեք մի հոր օրհնածներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը»:
Այս և սրա նման շատ բաներ երկար խոսում էր պարոն պաստորը, և երբ յուր ճառը վերջացրավ, նա հարցրավ ներկա եղողների կարծիքը յուր ճառի մի քանի կետերի վերաբերմամբ: Բոլորը իհարկե պաստորի հայտնած մտքերի հետ համաձայն էին: Միայն ոսկերիչ Գրիգորը թույլատվություն խնդրեց իմանալու, թե արդյոք իբրև բացառություն իրեն չի՞ ներվիլ, որ ինքը յուր համար ավետարանական մնա, իսկ իր կնոջը և երեխաներին թույլ տա իրենց մինչև այժմ դավանած կրոնը պաշտելու:
—Մենք հեզության աշակերտներ ենք, — համոզիչ եղանակով պատասխանեց պաստորը,— և ոչ ոքի չենք կարող ստիպել, որ նա զոռով մեր աշակերտը լինի: Բայց ով որ մի անգամ մեր «եղբայրության» մեջ է մտնում, նա պետք է մարդասեր լինի, և չկամենա, որ մարդկանց հոգիները կորչին: Դուք. էլ, որ մեր սիրելի «եղբայրներից» եք նույն հոգով պետք է վառվիք, այսինքն պետք է աշխատեք որքան կարող եք, մոլորյալ հոգիները փրկելու, և ոչ թե թույլ տաք, որ նրանք կորչին և գեհենի բաժին դառնան: Այս ամենը գիտենալուց ետ,