—Գաղտնի՞քը, մի՞թե դու գաղտնիք ունիս և մինչև այժմ ծածկել ես քո ընկերուհուց, — խորամանկությամբ հարցրեց Աննան:
Այո՛, Անիչկա, հոգյակս, հասարակությունը չի խաբվում, խոսողները չեն ստում, ես սիրում եմ Տիրանին…
Աննայի դեմքը մռայլվեցավ. Վարդուհու խոստովանությունը կայծակի մի հատված էր նրա համար:
—Վերջապես դու այդ խոստովանեցիր, Վարդո՛, բայց ես վաղուց էի գուշակում քո հանցավոր դիտավորությունը,- դառնությամբ նկատեց նա ընկերուհուն, դու ի չարն ես գործ դրել իմ տան բարեկամությունը և այդ պատիվ չէ բերում քեզ:
—Ինչո՞վ եմ ես հանցանք գործել կամ դավաճանել ձեր տան բարեկամությունը- վրդովված հարցրեց Վարդուհին:
—Նրանով, որ դու հափշտակում ես ինձանից իմ սիրած անձը, և այն էլ իմ մտան մեջ, գաղտնի, գողունի..
Վարդուհին հասկացավ, որ յուր ընկերուհին յուր հակառակորդն էր, բայց սխալն ուղղելու էլ ճանապարհ չկար:
—Տիրանի մասի՞ն է քո խոսքը, - մեմղությամբ հարցրեց նա:
—Այո, նրան ես եմ սիրում և ես պիտի սիրեմ, իսկ դու նրան պիտի մոռանաս:
Վարդուհին ժպտաց յուր ընկերուհու պարզության վերա:
—Նրան մոռանա՞լ, և դու կարծում ես, թե կարելի է այդպես հեշտությամբ սրտի զգացմունքներին հրամայել:
—Կարելի է, թե ոչ, այդ ես չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ դու պիտի մոռանաս նրան, որովհետև նա իմ ընտրած փեսացուն, իմ ապագա ամուսինն է։
—Քո փեսացո՞ւն, քո ամուսի՞նը և դու կատակ չե՞ս անում։
—Բնավ։
—Իսկ քո ծնողները, իսկ Մարությանը, մի՞թե նրանք արդեն տվին իրենց համաձայնությունը,— անհանգստությամբ հարցրեց Վարդուհին, կարծելով թե սա արդեն վերջացած գործ է։